Նախկինում ներդրումների համար հարցնում էին՝ «իմ փայը որն ա»․ ամերիկահայ գործարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հանդիպումներում, հայտարարություններում պարբերաբար նշում է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները որակապես նոր փուլ են թևակոխել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամերիկահայ գործարար Վահե Կարպետյանն անդրադառնալով հարցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, նշեց. «Շատ ճիշտ էր, որ Սփյուռքի նախարարությունը վերացավ և Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվեց շատ մեծ փորձառություն ունեցող անձ, որը կարող է հասկանալ սփյուռքահայության հոգեբանությունը»: Սփյուռքահայ շատ գործարարներ խուսափում են գալ Հայաստան, այստեղ ներդրումներ կատարել և գործունեություն ծավալել: Վահե Կարապետյանի խոսքով՝ առաջին հերթին սփյուռքահայ գործարարները վստահություն պետք է ունենան. «Մինչ հեղափոխությունը Սփյուռքը ներդրումների առումով կորցրել էր վստահությունը, և հայրենիքն էլ նրանց նկատմամբ այնքան էլ վստահություն չուներ: Իսկ հեղափոխությունից հետո իրավիճակը փոխվում է: Վարչապետն իր ելույթում էլ նշեց, որ միայն հիմնադրամի միջոցով հնարավոր չէ ապագա ունենալ: Ինչպես է հնարավոր վստահություն ստեղծել, գործարարը միլիոններ պետք է ներդնի, բայց ո՞ւմ վստահել. կարևոր է ստեղծել վստահելի կառույց, որտեղ կներդրվեն գումարները»: Ամերիկահայ գործարարի դիտարկմամբ՝ նախկինում թափանցիկություն չկար. «Ներդրումների համար հարցնում էին՝ «իմ փայը ո՞րն ա», իսկ այսօր դա չկա»: Խոսելով ներդրողի համար առկա դժվարություններից՝ գործարարը նշեց. «Փայ մտնողի հարցը վերացված է, բայց պետք է ներդրողների առջև դռները բացել: Հին օրենքները անընդհատ փակում են դռները, օրենքները դեռևս մշակված չեն»:   Մանրամասն՝ տեսանյութում: