Վճռորոշ խաղը․ ինչի հաշվին կարող ենք ռևանշի հասնել Թբիլիսիում

Վճռորոշ խաղը․ ինչի հաշվին կարող ենք ռևանշի հասնել Թբիլիսիում

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Երևանում տեղի ունեցած առաջին մրցավեճում «Սաբորթալոն» առավելության էր հասել 2:1 հաշվով: Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար «Արարատ-Արմենիային» անհրաժեշտ է վաղը առնվազն 2 գնդակ խփել, ինչը, ընդունենք, բարդ խնդիր է: Առաջին հանդիպման առաջին առաջին խաղակեսում մեր թիմը առջևում էր, և բոլորս մտածում էինք համոզիչ հաշվով վերջնական հաղթանակի մասին: Առաջին կեսում տպավորությունն այնպիսին էր, որ «Արարատ-Արմենիան» կարգով գերազանցում է մրցակցին: Մոտ 20-25 րոպե «Սաբուրթալոն» չէր կարողանում մոտենալ մեր տուգանային հրապարակին, իսկ «Արարատ-Արմենիան» մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր էր ստեղծում: Այն, ինչ տեղի ունեցավ երկրորդ կեսում, կարելի է որակել միայն ու միայն մարզչական պարտություն: Մրցակցի գլխավոր մարզիչը, վերադասավորելով մարտավարությունը, խաղին տեմպ հաղորդեց, իսկ «Արարատ-Արմենիան» ուղղակի տապալվեց: Բարձրակարգ մարզիչների աշխատանքը առավել ցայտուն կերպով արտահայտվում է հանդիպումների երկրորդ խաղակեսերում, երբ թիմը հասնում է անհրաժեշտ արդյունքի: Ի դեպ, «Սաբուրթալոյի» հետ երևանյան մրցավեճն առաջին դեպքը չէ, երբ «Արարատ-Արմենիան» անց է կացնում երկու բոլորովին տարբեր խաղակեսեր: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» շվեդական ԱԻԿ-ի հետ հաջող առաջին կես անցկացնելուց հետո երկրորդ խաղակեսում ոչնչով աչքի չընկավ: Եվ սա այն դեպքում, երբ մրցակիցը խաղում էր 10 ֆուտբոլիստով, ու մենք առջևում էինք 2:1 հաշվով: Չափազանց անհաջող երկրորդ խաղակես անցկացրինք նաև ԱԻԿ-ի հետ պատասխան խաղում: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» անատամ երկրորդ կես անցկացրեց արդեն 10 հոգով մնացած Ջիբրալթարի «Լինկոլն» կիսապրոֆեսիոնալ թիմի հետ: Ցավով պետք է արձանագրենք, որ Վարդան Մինասյանին չի հաջողվում գտնել երկրորդ խաղակեսերում թիմին մոտիվացնելու և հաջողությունը զարգացնելու բանալին: Սա բավական լուրջ խնդիր է: Վաղը մեր չեմպիոնը ստիպված է լինելու հենց առաջին րոպեներից մեծ ուժերով գրոհել, ինչը լավ հնարավորություն է դաշտի տերերի համար հակագրոհների օգնությամբ առավելություն ստանալու: «Այն, ինչ սպասում էինք մրցակցից, տեսանք: Պարզապես երկրորդ կեսում չհաջողվեց մեզ: Ինչ վերաբերում է «Սաբուրթալոյին», ապա ամենևին էլ մեզ չզարմացրին: Խաղակցվածության առումով ավելի բարձր թիմ է: Մենք կայանալու խնդիր ունենք: Չես կարող բերել 5 նոր ֆուտբոլիստ ու միանգամից պահանջել, որ հարմարվեն թիմին: Անհատապես ու դրվագներում կարող են լավ խաղալ, սակայն ժամանակ է պետք ամբողջովին հարմարվելու համար։ Սպասում էի, որ երկրորդ խաղակեսում խնդիրներ ունենալու ենք: Ցանկալի կլիներ, որ երկրորդ գոլը խփեինք»,- առաջին մրցավեճից հետո ասել էր Վարդան Մինասյանը: Նա նշել էր նաև, որ ոչինչ չի փոխվել, և պատասխան խաղում էլ ամեն ինչ անելու են վրացական թիմի արգելքը հաղթահարելու համար: Մինասյանի դիտարկման կարևոր հատվածը թերևս այն է, որ «Արարատ-Արմենիան» դեռևս կայացման փուլում է և կայանալու խնդիր ունի: Հնարավոր է՝ մեր այս դիտարկումը ոչ համարժեք արձագանք ստանա, բայց, այնուամենայնիվ… «Արարատ-Արմենիան» իր ընդհանուր ներուժով, խաղացվածությամբ զիջում է «Սաբուրթալոյին» և օբյեկտիվորեն դժվար է նշել, թե ինչի հաշվին մերոնք կարող են ռևանշի հասնել Թբիլիսիում: Երևանում վրացական թիմի՝ գնդակը պահելը և սեփական կիսադաշտից դուրս գալը հիացմունք էր առաջացնում: «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սեփական կիսադաշտում տառապում էին գնդակով և մեծ դժվարությամբ էին տեղաշարժվում: Ավելին՝ մերոնք մի քանի անգամ սեփական կիսադաշտում գնդակն ուղղակի նվիրեցին մրցակցին: Կարևոր մի փաստ. ի տարբերություն «Արարատ-Արմենիայի»՝ «Սաբուրթալոյում» խաղում էին 80 տոկոսով տեղացի ֆուտբոլիստներ: Մի քանի առաջատար ֆուտբոլիստներ էլ վերջերս հեռացել էին վրացական թիմից: Հարևան երկրի չեմպիոնի տեղացի ֆուտբոլիստների ցուցադրած ֆուտբոլը բարի նախանձ էր առաջացնում: «Արարատ-Արմենիայի» հիմնական կազմում տեղ էին գտել միայն երկու հայ ֆուտբոլիստներ՝ Պետրոս Ավետիսյանը և Գոռ Մալաքյանը, որոնք ոչնչով աչքի չընկան և փոխարինվեցին: Այնուամենայնիվ, սա ամենևին չի նշանակում, որ դիմակայության ելքը վճռված է, և մեր չեմպիոնը անելիք չունի Թբիլիսիում: Գնդակը կլոր է, և ֆուտբոլում կան մի շարք սուբյեկտիվ գործոններ, որոնց հաշվին շատ հաճախ թույլ թիմերը հաղթում են մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակիցներին: Չցանկանալով խոսել այդ գործոնների մասին՝ հարկ ենք համարում կարևորել մի էական հանգամանք: Վաղվա խաղում հաղթանակի հիմնական գրավականներից կարող է դառնել հավատը: Բոլորս ենք հավատում, որ «Արարատ-Արմենիան» կարող է հաղթել «Սաբուրթալոյին»: Հուսով ենք, որ հաղթանակին հավատում են նաև մեր չեմպիոնի ֆուտբոլիստները և պատրաստ են հաղթահարել թեև բարդ, բայց անցանելի մրցակցի արգելքը: