Համահայկական խաղերի մարզաձևերին մասնակցող թիմերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակից պատվիրակությունները Ծիծեռնակբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 7-րդ խաղերի մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրում, այնուհետև այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան: «Համահայկական այս խաղերը նոր թափ ստացան նրանով, որ բացումը տեղի ունեցավ Արցախում... Հիմա ամբողջական ենք՝ Հայաստան-Արցախ-սփյուռք»,-լրագրողների հետ զրույցում փաստեց Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ Սեպուհ Բաղդոյանը: Վիեննայի պատվիրականության ներկայացուցիչն իր խոսքում շեշտեց, որ խաղերի խորհուրդն իրականանում է` հայերը միասնական են... Մասնակիցների մեջ նույնիսկ սիրահարված զույգեր արդեն կան: «Արցախի ժողովուրդը հրաշալի ընդունեց մեզ: Հպարտ ենք և երախտապարտ նրանց»,-եզրափակեց նա: Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով` խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի հետնորդները, և այցելությունը Ծիծեռնակաբերդ արդեն ավանդական է դարձել խաղերի համար: «Գրքերում կարդալն այլ է, այստեղ լինելը` այլ»,-ասաց նա: Համահայկական խաղերում օգոստոսի 13-ը հանգստի օր է, և պատվիրակությունները կայցելեն Գառնի և Գեղարդ: