Կարծում եմ՝ Ադրբեջանում հայտնված զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է․ Դավիթ Տոնոյան

Զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հանգամանքները պարզելու համար հետաքննություն է իրականացվում: Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Այս փուլում դեռևս իրականացվում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ: Անձամբ ես կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»,- ասաց Տոնոյանը: Հարցին` թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ զինծառայողի՝ Ադրբեջանում հայտնվելու պատճառը նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է, նախարարը պատասխանեց, որ դա ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է: «Չեմ կարծում, որ դա պետք է տարածել: Ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- նշեց Տոնոյանը: Անդրադառնալով զինծառայողի վերադարձի խնդրին` նախարարը հայտնեց, որ դիմել են միջազգային համապատասխան կառույցներին` մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Խոսելով զորամասում զինծառայողի հոգեբանական վիճակի մասին՝ նախարարն ասաց, որ որոշակի աշխատանք իրականացնելուց հետո կկարողանան հստակ պատասխան տալ: «Բոլորիս համար ցավալի դեպք է, սակայն, կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ կընթանա»,- ասաց նախարարը: Տոնոյանը կոչ արեց Ադրբեջանի զինված ուժերին, որպեսզի նման ապատեղեկատվական աշխատանքը դադարեցնեն: