Պուտինի իշխանությանը ռեալ վտանգ է սպառնում.  Հայաստանը պետք է արագացնի իր քաղաքական քայլերը

Պուտինի իշխանությանը ռեալ վտանգ է սպառնում. Հայաստանը պետք է արագացնի իր քաղաքական քայլերը

Շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ամենազանգվածային հանրահավաքը վերջին ութ տարիների ընթացքում։ Սախարովի անվան հրապարակում անցկացված հանրահավաքում հավաքվել է մոտ 50 հազար մարդ։ Պուտինի իշխանության դեմ տասնյակ հազարավոր մարդկանց միավորման ֆորմալ առիթն այն է, որ Մոսկվայի Դումայի ընտրական գործընթացից դուրս են թողնվել բոլոր ընդդիմադիր, նույնիսկ՝ անկախ թեկնածուները։ Ակնհայտ է, սակայն, որ ռուսաստանցիների զանգվածային դժգոհության պատճառներն ավելի բազմաշերտ են։ https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ շաբաթ օրը Մոսկվայում, 2012 թվականից հետո Ռուսաստանում ամենամասշտաբային ցույցն էր։ Քաղաքագետը համաձայնեց այն դիտարկմանը, որ այս բողոքը շատ ավելի լայն իմաստ ունի, ինչպես նաև՝ ընդլայնվելու շատ խոր միտում: «Բացի դրանից էլ՝ մենք տեսում ենք, թե ինստիտուցիոնալ առումով որքան անկարող է Ռուսաստանի իշխանությունը, որը բացի բռնաճնշումներից՝ այլ գործիք պարզապես չունի։ Հետևաբար իշխանություններն իրենց գործողություններով էլ իրենց կողմից ևս ընդլայնում են այդ բողոքի գործողությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ինչ վերաբերում է Հայաստանի վրա հնարավոր անդրադարձին՝ քաղաքագետը նշեց. «Ռուսաստանն իր ռեսուրսը դնելու է ներքին խնդիրները լուծելու ուղղությամբ։ Սա, իհարկե, նպաստավոր է Հայաստանի համար կարճաժամկետ հեռանկարում, համենայնդեպս՝ Ռուսաստանն այնքան ռեսուրս չի ունենա, որ ինչ-որ կոշտ կամ կոպիտ միջամտութուններով ու իր անպարկեշտ առաջարկություններով մեզ հունից հանի։ Սա բխում է Հայաստանի շահերից: Մյուս կողմից՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում սա ավելի լուրջ սպառնալիքներ է պարունակում»։ Մանրամասնելով իր միտքը՝ Մեհրաբյանը նշեց. «Հայաստանն առայժմ չի հասցրել իր անվտանգությունը դիվերսիֆիկացնել այն աստիճանի, որ ռուսական գործոնի շեշտակի թուլացման պարագայում դա որպես մարտահրավեր չդիտվեր։ Այդ իմաստով, ըստ իս, սա ևս խթան կհանդիսանա, որ Հայաստանը այնուամենայնիվ արագացնի իր քաղաքական քայլերը՝ ուղղված իր անվտանգության ու պաշտպանության քաղաքականության դիվերսիֆիկացմանը։ Այդ ասիմետրիկ հարաբերությունները, որ մենք ունենք Ռուսաստանի հետ, պարզապես շատ սահմանափակ ծավալի խնդիրներ են լուծում Հայաստանի համար՝ ստեղծելով ավելի մեծ խնդիրներ»։ Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը կարող են հանգեցնել արտահերթ զարգացումների և վտանգ սպառնալ Պուտինի իշխանությանը, որքան էլ կոնկրետ այս դեպքում պահանջները լոկալ մակարդակի են: «Իհարկե, փաստ չէ, որ հենց այդպես էլ տեղի կունենա, բայց որ դրանք նման զարգացման շատ մեծ ներուժ են պարունակում՝ միանշանակ է»,- նկատեց նա։ Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանում շեշտակի փոփոխություններ կարող են լինել վաղը առավոտյան 9-ին կամ 10 տարի տեղի չունենան: Ըստ նրա՝ «Միակ բանը, որ չպետք է անել, ժամկետների հետ կապված կանխագուշակություններ անելն է: Բայց մենք խոսում ենք միտումների մասին, և, այո, միտումը տանում է դրան, իսկ թե երբ կլինի՝ չենք կարող ասել»։ Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանում փոփոխությունների հստակ պահանջ կա. «Ռուսաստանում կա շատ մեծ անբավարարություն բնակչության կողմից իր սոցիալ-տնտեսական վիճակի հետ կապված, Ռուսաստանում իշխանության կողմից վարվող բեսպրեդելն ու կոռուպցիան մարդկանց հնարավորություն չեն տալիս զարգանալ։ Սովետական միություն չտեսած սերունդը դարձել է չափահաս և իր ստանդարտներն է թելադրում, ուստի այս ամենը ներքին կոնֆլիկտի մեծ ներուժ է պարունակում»։