Հրավեր Իրանի նախագահին. «ռեգիոնալ ինֆանտիլության» ավարտը

Հրավեր Իրանի նախագահին. «ռեգիոնալ ինֆանտիլության» ավարտը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Երևանում սպասվող ԵՏՄ վեհաժողովին հրավիրելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը, անշուշտ, առանձնահատուկ է դարձնում երևանյան այդ իրադարձությունը, որի թերևս միակ ինտրիգը՝ առանց դրա, Պուտինի առաջին այցն է Հայաստան՝ թավշյա հեղափոխությունից հետո: Փաստորեն, Իրանի նախագահին հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ հոկտեմբերյան վեհաժողովին հաղորդում է ավելի լայն նշանակություն կամ, այսպես ասած՝ ինտրիգ, քան Պուտինի առաջին այցն ու դրա ազդեցությունը Հայաստանի ներքին իրողությունների վրա, ինչի համատեքստում է դիտարկվում այցը: Դա ուշագրավ է նաև այն ներքաղաքական կոնսոլիդացիայի ֆոնին, որի մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, խոստանալով կամ ազդարարելով, որ ընդդիմադիր բևեռացումն ու պայքարը աշնանը կստանան ավելի համակարգային բնույթ: Ռոբերտ Քոչարյանը չի թաքցրել, որ ակնկալում է Պուտինի աջակցությունը: Սակայն, այս օրերին Ղրղըզստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք «արժեզրկում» են Պուտինի աջակցություն հասկացությունն այն տրամաբանության շրջանակում, որ գերիշխել է եվրասիական կամ հետխորհրդային երկրներում: Պուտինը չփրկեց Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևին, որը նույնիսկ զինված դիմադրություն էր կազմակերպել իր ձերբակալությունը նախաձեռնած իշխանությանը: Հատկանշական է, որ հենց այդ օրերին Ղրղըզստանում տեղի ունեցող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում է Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել Հասան Ռոհանիին ԵՏՄ վեհաժողովի օրերին Երևան հրավիրելու մասին: Այս հանգամանքն առնվազն անուղղակի խոսում է այն մասին, որ հետխորհրդային կամ եվրասիական տարածքում Պուտինն ունի շատ ավելի լուրջ խնդիրներ, քան նախկին համակարգերի կամ նախկին պաշտոնյաների փրկությունը: Կամ, այդ փրկությունը կարող է արժանանալ Պուտինի բավարար ուշադրության, եթե այն գտնվում է նրա ավելի լուրջ խնդիրների տիրույթում: Եթե այս հանգամանքը դիտարկենք զուտ Հայաստանի համատեքստում, ապա այստեղ Հայաստանի նախկին իշխող համակարգն իր օրակարգով, այդ թվում երկրորդ նախագահի առաջնորդությամբ, բացարձակապես հեռու է խնդիրների այն շրջանակից, որ ունի Ռուսաստանի նախագահն իր, այսպես ասած, պատասխանատվության հետխորհրդային գոտում: Ավելին, այդ խնդիրները, խոշոր հաշվով, քայլ առ քայլ առաջացել են հենց այն իրողությունների հետևանքով, որոնք բնորոշել են Հայաստանի նախկին համակարգի հարաբերությունը Մոսկվայի հետ: Թվում է, որ Հայաստանը ոչ միայն չի առաջացրել որևէ խնդիր Ռուսաստանի համար, այլ վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում անխնա և անմնացորդ հանձնել է իր ռազմավարական հզորությունները: Սակայն խորքային առումով սա հայ-ռուսական հարաբերության առավելապես մակերեսն է, քանի որ խորքային տեսանկյունից այդ հարաբերությունը ստեղծել է «ինֆանտիլ» միջավայր, որն իր բնույթով բացարձակապես չի համապատասխանում ներկայիս իրողություններին և աշխարհակարգային վերափոխումների տրամաբանությանը: Դա գուցե դժվար էր կանխատեսել տասնհինգ-քսան տարի առաջ, և թվում էր, թե նավթի բարձր գինն ապահովելու է «ծաղկափոշու էֆեկտը» հետխորհրդային ամբողջ տարածքում ռուսական ազդեցության տեսանկյունից, իսկ Ռուսաստանի համար ապահովելու է կոմֆորտ ճոճքը այդ միջավայրում: 2008 թվականին որոշակիորեն փորձարկվեց միջավայրը և թվաց, թե կոմֆորտի երաշխիքի զգացումը կայուն է՝ Արևմուտքը բավարար կոշտությամբ չարձագանքեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմում Մոսկվայի գործողություններին, ինչը սակայն «խաբուսիկ» ստացվեց 2013-ին Ղրիմի և Ուկրաինայի պարագայում: Եվ այդժամ Արցախում Ղրիմի համար կազմակերպված համերգն անգամ անկարող եղավ լուծել Հայաստանի նախկին համակարգի հանդեպ Մոսկվայի բարեհաճության հարցը: Այդ համակարգը «մխիթարվում» էր նրանով, որ Կրեմլը լայն իմաստով այլընտրանք էր փնտրում Ադրբեջանում, կասկածի տակ դնելով միայն ռեգիոնալ ստատուս-քվոն, բայց ոչ Հայաստանի ներքինը: 2016-ին, սակայն, Կրեմլը բախվեց նաև այդ խնդրի հետ, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի այլընտրանք, իսկ ռեգիոնալ ստատուս-քվոն փոխելով փոխել աշխարհի վերաբերմունքն իր հանդեպ՝ հնարավոր չէ, և հնարավոր է միայն փորել սեփական փոսը Կովկասում: Դա Հայաստանի նախկին իշխող համակարգի համար ճակատագրական գիծ էր Կրեմլի հետ հարաբերության ապագայի առումով, թեև այդ համակարգի տարբեր թևեր ակնկալում էին 2016-ի Ապրիլյան քառօրյայի հանգամանքը օգտագործել միմյանց հետ հաշիվներ մաքրելու համար, այդ թվում՝ Մոսկվայի առաջ: