YouTube-ի ղեկավարը իր երեխաներին զրկել է սմարթֆոններից՝ կենդանի շփման համար

YouTube-ի ղեկավարը իր երեխաներին զրկել է սմարթֆոններից՝ կենդանի շփման համար

YouTube վիդեոծառայության ղեկավար Սյուզեն Վոյչիցկին հայտարարել է, որ նա պարբերաբար զրկում է իր երեխաներին սմարթֆոններից, որպեսզի նրանք շփվեն և ժամանակ անցկացնեն իրականությունում: Այս մասին նա խոսել է The Guardian-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, երեխաները դիտում են YouTube-ը, բայց «կարևոր է հավասարակշռություն ունենալ» այս հարցում: «Ինձ համար կարևոր է, որ երեխաները պատասխանտու մոտեցում ցուցաբերեն այն հարցում, թե որքան ժամանակ են տրամադրում գաջեթներին: Չէ որ մենք երեխաներին ասում ենք, թե ինչպես իրենց պահեն փողոցում, պետք է նաև բացատրել նրանց ինտերնետում անվտանգության մասին»,- ասել է Վոյչիցկին: YouTube-ի ղեկավարը շեշտել է, որ գաջեթներից բացի, երեխաները պետք է ուշադրություն դարձնեն նաև սպորտին, դպրոցին, տնային աշխատանքներին, ընթերցանությանը և այլ զբաղմունքներին: Վոյչիցկիի կարծիքով, ավելի լավ է երեխաները հեռախոսից սկսեն օգտվել դպրոցի միջին դասարաններում, երբ նրանք մոտ 11 տարեկան են: Նա գաջեթների վրա ծախսված ժամանակի կարգավորման իր պրակտիկան համեմատել է այն բանի հետ, թե ինչպես էին նրա ծնողները բացատրում իրեն հեռուստացույց դիտելը սահմանափակելու անհրաժեշտությունը: Վերջին տարիներին տեխնոլոգիական պարբերականները նշում են, որ երեխաներն ու դեռահասները YouTube-ի ամենաակտիվ լսարանն են: Այս առումով շատ բլոգերներ հատուկ մուլտֆիլմեր և շոուներ են ստեղծում, որոնցից շատերը քննադատվել են, քանի որ դրանք բացասաբար են անդրադառնում երիտասարդ սերնդի վրա: 2017-ին տեղի ունեցավ Elsagate սկանդալը, երբ YouTube-ը հայտնաբերեց բազմաթիվ տեսանյութեր, որոնք բռնի տեսարաններ էին պարունակում, սեռական ֆետիշներ, որոնք, իբր, պատրաստվել են երեխաների համար, և ներառվել երեխաների մուլտֆիլմերի հետ առաջարկությունների ցանկում: