Թուրքիայից «Արարա՞տ»․ հերթական շրջադարձը հայ ֆուտբոլիստի կարիերայում․․․

Թուրքիայից «Արարա՞տ»․ հերթական շրջադարձը հայ ֆուտբոլիստի կարիերայում․․․

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել Երևանի «Արարատ»: Մասնավորապես, այս մասին գրել էր sport24 պարբերականը: Երևանյան ակումբը այդ տեղեկությունը ոչ հերքել էր, ոչ հաստատել, ինչը ստիպում է ենթադրել՝ Օզբիլիսի՝ Հայաստան տեղափոխվելը միանգամայն իրատեսական է: Մոտ մեկ ամիս առաջ Արաս Օզբիլիսը վերադարձել էր Ստամբուլ և խոսվում էր, որ գալիք մրցաշրջանում նա կխաղա «Բեշիկթաշում»: Մեր ֆուտբոլիստը բուժզննում էր անցել թուրքական ակումբում և միացել ուսումնամարզական հավաքին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Բեշիքթաշի» նորանշանակ գլխավոր մարզիչ Աբդուլա Ավչին հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ և մտադիր է հնարավորություն տալ նրան: Ավելի վաղ Haberler պարբերականը գրել էր, որ Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը, որը 2016 թվականին էր 4 տարվա պայմանագիր կնքել «Բեշիկթաշի» հետ, մեկ տարով երկարաձգել է այն։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։ Այս տեղեկությունը շատերի համար ոչ միայն անակնկալ էր, այլև պարադոքսալ: Թուրքական ակումբում Արաս Օզբիլիսի տրանսֆերը համարվում էր ամենաանհաջողներից մեկը: «Բեշիկթաշն», ըստ էության, խաղալու հնարավորություն չէր տալիս մեր կիսապաշտպանին՝ շարունակ վարձավճարով տրամադրելով այլ թիմերին: Օզբիլիսի վերջին ակումբը հոլանդական «Վիլլեմ-2»-ն էր, որտեղ հայ ֆուտբոլիստը վատ չէր խաղում, սակայն հայտնի միջադեպից հետո հեռացավ: Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրից հետո Օզբիլիսը տեղափոխվել էր «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել էր փոխարինման դուրս գալ: Կողմերը հանգել էին այն եզրակացության, որ իրավիճակի միակ լուծումը պայմանագրի խզումն է: Թվում էր, թե ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Օզբիլիսը կխզի պայմանագիրը նաև թուրքական թիմի հետ և կարիերան կշարունակի նոր ակումբում, բայց… Ըստ թուրքական աղբյուրների՝ Օզբիլիսի պայմանագրի երկարաձգումը և թիմին միանալը պայմանավորված են Թուրքիայում հեղինակություն վայելող մասնագետ, նախկին գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշի հեռանալով: Այս տարվա մարտի սկզբին 67-ամյա Գյունեշը երկրորդ անգամ գլխավորեց Թուրքիայի ազգային հավաքականը: Գյունեշի գլխավորությամբ, հարևան երկրի ազգային թիմը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ 2002 թվականին դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ու հիմա Թուրքիայում հույս ունեն, որ Գյունեշի օգնությամբ, ազգային հավաքականը նոր բարձունքներ կնվաճի: «Բեշիկթաշում» Գյունեշն աշխատել է 2015-2019 թվականներին: Այս ընթացքում թուրքական մամուլը շարունակ իր վրդովմունքն էր հայտնում, որ Գյունեշը խաղից դուրս վիճակում է թողնում հայ ֆուտբոլիստին: «Օզբիլիսի համար «Բեշիկթաշը» 1.3 միլիոն եվրո վճարեց Մոսկվայի «Սպարտակին», սակայն հայ ֆուտբոլիստին չէր տրվում հնարավորություն իր տեղը գտնելու թիմի հիմնական կազմում: Օզբիլիսը Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, որը փայլուն ելույթ է ունեցել Ամստերդամի «Այաքսում» և ռուսական թիմերում: Եթե «Բեշիկթաշը» չէր զգում նրա կարիքը, ապա ինչո՞ւ այդքան գումար ծախսվեց, որ 29-ամյա Օզբիլիսը վերջնականապես զրկվի՞ խաղային պրակտիկայից»,- գրել էր Fanatik պարբերականը: Ինչևէ, վերջին շրջանում «Բեշիկթաշը» մի քանի ընկերական հանդիպումներ է անցկացրել, որոնց Օզբիլիսը ոչ միայն չի մասնակցել, այլև չի եղել նույնիսկ պահեստայինների շարքում: Կարելի է ենթադրել, որ Օզբիլիսի վերադարձը Թուրքիա կրկին չի ստացվում, և դա փաստ է: «Արարատ» տեղափոխվելը Օզբիլիսի համար կլինի հետ քայլ՝ հաշվի առնելով նրա պոտենցիալը: Բնական է, որ Օզբիլիսը «Արարատում» կարող է հայտնվել միայն վարձակալության հիմունքներով: Թե ինչով է պայմանավորված թուրքական թիմի կրկին անհասկանալի նման քայլը, դժվար է ասել: Առջևում Հայաստանի հավաքականի խիստ կարևոր հանդիպումներն են Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Օզբիլիսը կրկին խաղից դուրս վիճակում է, և այս անորոշ վիճակը մտահոգիչ է: Ցանկալի կլիներ, որ մինչև առաջիկա սեպտեմբեր Օզբիլիսի կարիերայի հարցում վերջապես հստակեցում լիներ, և մինչև Իտալիայի և Բոսնիայի հետ հանդիպումները նա գոնե մի քանի հանդիպում անցկացներ և խաղային պրակտիկա ձեռք բերեր: