Բարեգործություն չի. «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը ձեռնտու է նաև իրանական կողմին․ դեսպան

Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար, ինչի դիմաց հայկական կողմը վճարելու է էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո օրերս հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը Թեհրանում մասնակցել է հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստին, ինչպես նաև հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետի խոսքերով՝ առաջին անգամ են ընթանում բանակցություններ այս ձևաչափով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի հետ: «Կարծում եմ՝ իրականությունը մի քիչ այլ է, բոլոր ժամանակներում էլեկտրաէներգետիկայի և գազի բնագավառներում համագործակցել ենք, ինչը Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության առանցքն է կազմել: Իրանից գազ դրամական վճարի դիմաց չենք ստանում, որովհետև նպատակահարմար գին չի առաջարկվել, դա եղել է բոլոր ժամանակներում, հիմա էլ այդպես է: Ինչ վերաբերում է գազի և այլ ապրանքների փոխանակությանը, այստեղ ևս երկար տարիներ գործել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, որը հաջողությամբ հիմա էլ աշխատում է: Առաջիկա տարիներին նորությունը կարող է լինել այն, որ կարող է շահագործման հանձնվել երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումն ընթացքի մեջ է»,- ասաց Թումանյանը՝ ընդգծելով, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ֆիքսվել է ժամանակը՝ 2020 թվականի վերջ, որից հետո ավելի մեծ քանակությամբ գազ-էլեկտրաէներգիա փոխանակություն կունենանք: Դեսպանի խոսքերով՝ բանակցություններ են ընթանում այն խնդրի շուրջ, որն իրատեսական է. Այսինքն՝ հայկական կողմը պատրաստ է գազի ծավալները ավելացնել, իրանական կողմը դրա դիմաց վճարում չի ստանալու, էլեկտրաէներգիայի մասով ևս ավելացում ենք ունենալու: Այն դիտարկմանը, որ իրանցի պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ Իրանին «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը այդքան էլ անհրաժեշտ չէ, բայց, հաշվի առնելով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, իրենք գնում այդ գործարքին, Թումանյանը պատասխանեց. «Համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ: Ընդհանրապես երկու պետությունների հարաբերությունները կարող են լինել կայուն և հարատև, եթե փոխշահավետ են, սա բարեգործություն չի: Եթե մենք գազ ենք ստանում և դրա դիմաց վճարում ենք էլեկտրաէներգիայով, ձեռնտու է նաև իրանական կողմին: Այնպես որ, գործող սխեման փոխշահավետ է»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: