Հայ-բրիտանական գործարարության պալատն Ամուլսարի խնդրի արագ հանգուցալուծում է ակնկալում

Հայ-բրիտանական գործարարության պալատն Ամուլսարի խնդրի արագ հանգուցալուծում է ակնկալում

Հայ-բրիտանական գործարարության պալատը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Ամուլսարի խնդրի հետ: «ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը եւ Շրջակա միջավայրի նախարարը կրկին քննարկեցին Հայ-բրիտանական գործարարության պալատի անդամ «Լիդիան Արմենիայի» հարցը: Ամիսներ շարունակ «Լիդիան Արմենիայի» գործունեությունը կասեցված է՝ վերջնական որոշման սպասումով: «Լիդիան Արմենիայի» խնդրի լուծման նման երկարաձգումը տնտեսապես վնասում է ոչ միայն ընկերությանը, այլ նաեւ պետությանը՝ ընդհանուր առմամբ: Մենք կարեւորում ենք օրենքի ուժը, հավասար վերաբերմունքը բոլոր բիզնեսների նկատմամբ, պրոֆեսիոնալիզմը եւ արդարությունը: Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում զգայուն ոլորտներում, պետք է համապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին եւ տեղական օրենքներին: Միեւնույն ժամանակ, այն ընկերություններին, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, կառավարությունը պետք է տա որոշակի երաշխիքներ՝ ապահովելու նրանց անխափան գործունեությունը: Կոնֆլիկտների եւ խնդիրների միայն հավասարակշռված եւ պրոֆեսիոնալ լուծումը կարող է ապահովել պետության տնտեսական զարգացումը եւ բարձրացնել ներդրողների վստահությունը: Մենք հուսով ենք, որ այս խնդիրը կհանգուցալուծվի առանց հետագա ձգձգումների»,- ասված է հայտարարությունում: