Կատաստրոֆիկ բան չի կատարվել, բայց սա իշխանության համար պետք է «զանգ» լինի

Կատաստրոֆիկ բան չի կատարվել, բայց սա իշխանության համար պետք է «զանգ» լինի

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում: Որո՞նք են կառավարության ձախողումների պատճառները. հարցվածների 22 տոկոսը, ի պատասխան այս հարցի, նշել է վատ կառավարումը, իսկ 27 տոկոսը նշել է, որ այս կառավարությունը ձախողումներ չունի: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ դեռևս կառավարության նկատմամբ վստահության աստիճանը բավականին բարձր է: «Իհարկե, այնքան չէ, որքան էյֆորիայի շրջանում, բայց կարևոր է մի բան հասկանալ։ Այն, որ մոտ 22 տոկոսը նշում է՝ կառավարումից դժգոհ է, փաստում է, որ ռեալ այլընտրանքի բացակայության պայմաններում է նման պատկեր գրանցվում։ Եթե ռեալ այլընտրանք տեսնեն, այդ տոկոսը շատ ավելի բարձր կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Հակոբյանն ընդգծեց. «Ստացվում է, որ դեռևս վստահում են կառավարությանը։ Այս պատկերը նշանակում է, որ չկա այլընտրանք, ու «յոլա» են գնում եղածով, բայց այդ 22 տոկոսն ասում է, որ եթե ավելի լավ կառավարում լիներ՝ չէր խանգարի։ Այն, որ կառավարությունում կան թերություններ, բազմիցս նշել ենք այդ մասին։ Իմ տպավորությամբ՝ համակարգված չէ մենեջմենթը, շատ դեպքերում կարող ենք ասել՝ կառավարում է ընթանում ֆլեշմոբային մեթոդներով, իրար հետ կապ չունեցող ակցիաների տեսքով։ Կարող ենք նույնիսկ ասել՝ իրավիճակային է, արձագանք է տրվում օրվա խնդիրներին։ Հիմա ասում են՝ շարունակում ենք վստահել, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարության աշխատանքից գոհ ենք։ Ըստ իս՝ եթե լինի այլընտրանք, այդ թվերը զգալի փոփոխությունների կենթարկվեն»։ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ երբ 22 տոկոսն ասում է, որ կառավարումից դժգոհ է, դա ենթադրում է կադրային, կառուցվածքային քաղաքականություն, ծրագրերի ոչ հստակեցում. «Այսինքն՝ այն ամենը, ինչ ես մեկ բառով կասեմ՝ ոչ համակարգված լինելու թերություն, հստակ ծրագրով աշխատելու բացակայություն կա, կամ էլ այդ գործոնը բավականին թույլ է երևում»։ Ինչ վերաբերում է կառավարության վարկանիշի անկմանը, մեր զրուցակիցը նշեց. «Եթե ինձ ասեիք, օրինակ, մեկ կամ կես տարի առաջ ինչ ցուցանիշ է եղել, կարող էինք համեմատություն անցկացնել։ Վստահելիության առումով կա անկում՝ 60 տոկոս է։ Եթե համարենք, որ նախկինում մոտ 71 տոկոս ձայն են ստացել, ապա կարող ենք համարել, որ մի քանի ամսում 11 տոկոս անկում է եղել։ Չեմ կարծում, թե անկումը շատ սրընթաց է։ Կառավարությունը միշտ էլ թիրախավորված է լինում՝ հատկապես այնպիսի երկրներում, որտեղ ամեն ինչը խնդիր է։ Պարզ է, որ կային գերսպասումներ, որոնք չէին արդարանում։ Այս տեսակետից ես չէի ասի, որ սա մեծ խնդիր է, բայց կառավարության համար պետք է մտահոգիչ լինի։ Եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է, որ եթե հիմա լինեին ընտրությունները, իրենք ավելի շատ ձայն կստանային, բայց այս հարցումը ցույց է տալիս, որ այդպես չէ»։ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կատաստրոֆիկ բան չի կատարվել, բայց մեծ զանգ է, որ իշխանությունները հետևություններ անեն. «Սա ցույց է տալիս, որ հասարակությունը ավելի կրիտիկական է մոտենում հարցերին, էյֆորիան ավարտվել է, հասարակությունն ավելի ադեկվատ ու սթափ է նայում իրավիճակին»։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի