Տուսկը գծեց Եվրոպայի սահմանը Հայաստանում. արտգործնախարարի կարևոր արձանագրումը

Տուսկը գծեց Եվրոպայի սահմանը Հայաստանում. արտգործնախարարի կարևոր արձանագրումը

Հայաստանը անկախությունից ի վեր եվրոպական արժեհամակարգն է դիտարկել կողմնորոշիչ, և մեր օրենքները մշակելիս մենք դրանց վերաբերյալ նախագծերը ուղարկում ենք Վենետիկի հանձնաժողով, ոչ թե այլ կառույցի, որովհետև այդտեղ է մեր բազային արժեհամակարգը՝ Բաթումում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը: Այդ համատեքստում նա նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի անվտանգության համակարգում ունի անկյունաքարային, հենասյունային նշանակություն: Արտգործնախարարն անում է կարևորագույն հայտարարություն՝ Եվրամիության հետ Հայաստանի գործընկերությունը դիտարկելով ամբողջական անվտանգային համալիրի շրջանակում: Այստեղ է ժամանակակից աշխարհում առաջնային խնդիրը թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար: Մնացյալ բոլոր ուղղություններն ու հարցերը ածանցյալ են դրան՝ անվտանգությանը, որը կենսական է եղել իհարկե մշտապես՝ բոլոր պետությունների, ժողովուրդների, սուբյեկտների համար, սակայն առավել քան կենսական հրամայական է դառնում փոփոխվող աշխարհում, աշխարհակարգային որոնումներում գտնվող աշխարհում, որտեղ անվտանգությունը դառնում է ամենափխրուն երևույթներից մեկը: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարի հիշեցումը ստանում է իրապես կարևոր և առանցքային թե՛ խորհրդանշական-արժեքային, թե՛ ռազմաքաղաքական երանգ: Ընդ որում, երբ Երևանը հայտարարում է անվտանգության հենասյան մասին՝ այդ հարթությունում դիտարկելով Եվրամիությունը, դա գործնականում ոչ միայն պետք է լինի, այլև չի կարող չլինել երկկողմ հանգամանք: Այսինքն՝ Հայաստանն էլ Եվրամիության համար ունի անվտանգային համալիր նշանակություն, որովհետև Հայաստանը եվրոպական արժեմշակութային համակարգի սահմանն է, և այստեղ ամենևին հայկական ազգային սնապարծություն չէ և ոչ էլ չափազանցություն: Որովհետև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը ամենևին հայ չէ և առավել ևս՝ սնապարծ հայ, երբ Սևանավանքում ազդարարում է, որ այստեղ բաբախում է Եվրոպայի սիրտն ու արտացոլվում հայկական մշակույթի հազարամյա ազդեցությունը Եվրոպայի վրա: Դոնալդ Տուսկը Հայաստանում գծում է Եվրոպայի սահմանը, և դրան հաջորդում է Հայաստանի արտգործնախարարի հիմնարար ձևակերպումը Բաթումում, որ Հայաստանում կռվում է եվրոպական անվտանգությունը, և Հայաստանի՝ ներառյալ Արցախը, անվտանգային խնդիրները միայն թվացյալ առումով են Եվրոպայից հեռու, և միայն թվացյալ առումով է, որ Եվրոպան միջնորդ է այդտեղ, ոչ թե շատ հստակ կողմ, ինչի մասին ակնարկում է նույն ինքը՝ Տուսկը: Ինչ խոսք, իրական քաղաքականության ռեժիմում բավական բարդ է Բրյուսելից, Ստրասբուրգից կամ Բեռլինից ներկայումս հայտարարել այդ մասին, բայց եվրոպական մայրաքաղաքների համար հետագայում անվտանգային հարցերում ավելի բարդ է լինելու, եթե այսօր այդ մայրաքաղաքներում առնվազն չմտածեն դրա մասին: