Ագարակի պղնձաձուլական կոմբինատի աշխատանքները կաթվածահար են. 1000-ից ավելի աշխատողների գործադուլը շարունակվում է

Ագարակի պղնձաձուլական կոմբինատի աշխատանքները կաթվածահար են. 1000-ից ավելի աշխատողների գործադուլը շարունակվում է

Այսօր արդեն 12-րդ օրն է՝ Ագարակի պղնձաձուլական կոմբինատը չի աշխատում։ Աշխատանքները կաթվածահար են եղել։ Կոմբինատի մոտ 1050 աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Աշխատակիցները կոմբինատի տնօրինությունից պահանջում են իրենց հավելավճարի տեսքով փոխհատուցում տալ արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր: Գործադուլը և բողոքի ակցիաները շարունակվում են նաև այսօր։ Այս պահին բողոքավոր աշխատակիցները հավաքված են Ագարակի հրապարակում և քննարկում են իրենց անելիքները։ Բողոքի ակցիաներին զուգահեռ հանքավայրը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը հայտարարություններով է հանդես գալիս։ Ընկերության փոխանցմամբ էլ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետևանքով կոմբինատի արտադրական գործունեությունը դադարեցվել է։ Չարտոնված գործադուլի պատճառը, ըստ «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խմբի, աշխատանքային պայմանագրի կետերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումն է։ Ընկերության կարծիքով՝ տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների՝ կոմբինատի ղեկավարությանը ուղղված նամակ-դիմումները՝ կապված լրացուցիչ դրամական միջոցների վճարման հետ, անհիմն պահանջ են։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ իրենք մի քանի անգամ աշխատակիցներին առաջարկել են հանդիպել, քննարկել հարցը, սակայն աշխատակիցները հրաժարվել են։ Ամեն դեպքում հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը հերթական անգամ աշխատակիցներին հրավիրել է հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվել է։ Այդուհանդերձ, կայացել է մեկ հանդիպում արտադրամասի աշխատակիցների, Սյունիքի մարզպետի և Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը ևս ավարտվել է անարդյունք։ Նախօրեին տարածած հաղորդագրության մեջ ընկերությունը կոմբինատի աշխատակիցների գործողությունները որակել էր ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանող, որոնք զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքին և ՀՀ պետական բյուջեին։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացրել էր, որ անօրինական գործադուլ նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։ Բացի այդ, «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կոչ էր անում իրավասու մարմինների մասնակցությամբ կազմել բազմակողմ հանձնաժողով «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բանակցությունների փուլում են, և սեփականատեր խմբի ներկայացուցիչները երեկ կեսօրից հետո ժամանել են այնտեղ, հանդիպել Սյունիքի մարզպետի հետ, ապա Ագարակ քաղաքում հանդիպում են ունեցել կոլեկտիվի հետ։ «Բանակցությունների փուլ է։ Աշխատողները մի քանի պահանջ ունեն՝ կապված աշխատավարձի չափի, վճարման կարգի, աշխատանքի վտանգավորության և այլնի հետ։ Աշխատողները մի շարք դժգոհություններ ունեն տնօրինությունից, ինչն էլ հասցրել է այս վիճակին։ Հիմա բանակցություններով, հանդիպումներով փորձում ենք լուծում գտնել»,- ասաց Զաքարյանը: Երեկ հանքավայրի սեփականատերերի, մարզպետի, պատգամավորների հետ հանդիպումը տևել է մինչև ուշ երեկո։ Հանդիպմանը մասնակցել են բողոքի ակցիայի մասնակից մոտ 600 աշխատակիցներ։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլինն աշխատակիցներին առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի նրանց առաջադրած պահանջները։ Դրանցից որը օրինական լինի, համապատասխանի օրենքին՝ կբավարարվի, որը ոչ՝ չի բավարարվի։ Բանվորները, սակայն, չեն վստահում տնօրինության կողմից առաջարկվող հանձնաժողովին, իրենք ցանկանում են, որ այդ հանձնաժողովը լինի փորձագիտական անկախ հանձնաժողով, որտեղ կլինեն իրավաբան, փորձագետ, ովքեր կուսումնասիրեն իրենց պայմանագրերը և կասեն, որ իրենց հավելավճարները պետք է վճարվեն, որ նախկինում պայմանագրերը խախտվել են, և իրենց գումարները պետք է վճարվեն: «Մենք տարիներ շարունակ վտանգավոր աշխատանք ենք կատարել, աշխատել ենք գիշերային ժամերի, արտաժամյա, բայց մենք այդ աշխատանքի համար հավելավճարներ չենք ստացել։ Հիմա էլ կարծում ենք, որ այդ գումարները պետք է վճարվեն։ Ու այդ անկախ հանձնաժողովում մասնագետները մեր պայմանագրերը ուսումնասիրելով պետք է դա փաստեն։ Սա է մեր պայմանը, պահանջը։ Մեր գումարները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին աշխատակիցներից մի քանիսը։ Ամեն դեպքում երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռոման Խուդոլինն աշխատակիցներին մինչև չորեքշաբթի աշխատանքի վերադառնալու ժամանակ է տվել։ Նա նաև խոստացել է, որ որևէ մեկը այս ակցիաների, գործադուլի պատճառով աշխատանքից չի ազատվի, նույնիսկ այն 16 հոգին, ում ազատման ծանուցումներ էին արդեն ուղարկվել։ Տնօրինությունից խոստացել են նաև աշխատանքային պայմանագրի վերանայում իրականացնել, եթե գործադուլը դադարեցվի, վերանայվեն աշխատակիցների պահանջած 38 կետերը։ Այսինքն՝ եթե այդպես լինի, ապա աշխատողների պահանջների մոտ 80 տոկոսը կբավարարվի, սակայն այս խոստումների նկատմամբ էլ աշխատողները վստահություն չունեն։ Նրանց խոսքով՝ նախկինում էլ բազմիցս նման խոստումներ տրվել են, բայց դրանցից ոչ մեկը կյանքի չի կոչվել։ Բացի այդ, բանվորները վախ ունեն, որ աշխատանքի վերադառնալուց հետո ռեպրեսիաներ կսկսվեն իրենց նկատմամբ իրենց իսկ կողմից նախաձեռնված այս ըմբոստության համար։ Հանդիպմանը մասնակից Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ևս իր ելույթում հորդորել է բանվորներին ներկայանալ աշխատանքի՝ մատնանշելով չաշխատելու պատճառով առաջ եկող խնդիրները, վնասները, որոնք պատճառվում են ոչ միայն աշխատողներին, համայնքին, այլև պետությանը, պետական բյուջեին։ Թե ինչ կորոշեն կոմբինատի աշխատողները՝ դեռ պարզ չէ։ Քննարկումներ են գնում։