Ճակատներն աշնա՞նն են հաշվում. հեղափոխությունն ունի մեկ պարտություն

Ճակատներն աշնա՞նն են հաշվում. հեղափոխությունն ունի մեկ պարտություն

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Երևան կատարած ընդհանուր առմամբ տպավորիչ այցի շրջանակում տեղ գտավ հատկանշական մի դրվագ: Երբ Հայաստանի վարչապետ Տուսկն ու ԵԽ նախագահը քայլում էին Երևանի փողոցներով, նրանց որոշ հատվածներում ««ուղեկցեց» Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքն ու վանկարկումները վարչապետ Փաշինյանի հասցեին: Հասկանալի է, այսպես ասած՝ բացասական վանկարկումները: Այս առաջին հայացքից անտուրաժային դրվագը կամ հատվածը, իրականում պարունակում է կամ արտահայտում, թերևս, բավականին խորքային շերտեր, որ առկա են Հայաստանում ներհասարակական գործընթացներում և ներքաղաքական տրամաբանության անկյուններում: Հազիվ թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները կամ աջակիցները անեին այսպես ասած՝ ինքնաբուխ հավաք: Առավել ևս, որ նրանք թերևս տեղյակ էին Փաշինյանի և Տուսկի զբոսանքի հանգամանքից: Ի դեպ, դա ինքնին արդեն հետաքրքիր հանգամանք է՝ տեղեկացվածությունը: Ըստ այդմ, հավաքը երկրորդ նախագահի, այսպես ասած, դիրքային դիտակետից ուներ, թերևս, երկու նպատակ՝ մի կողմից ձայնը հասցնել ԵԽ նախագահ Տուսկին, մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետին նրա մոտ դնել վատ վիճակի մեջ և առնվազն նյարդայնացնել: Հաջողվե՞լ է այդ նպատակներից որևէ մեկը: Առաջին մասով, թերևս, ոչ: Բանն այն է, որ հեռացող Դոնալդ Տուսկին կամ նրա ուղեկիցներին ներկայումս քիչ է հետաքրքրում Ռոբերտ Քոչարյանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ հեռացող են, այլ որովհետև ունեն ներեվրոպական ահռելի խնդիրներ: Ի դեպ, այդ իմաստով Հայաստանի հասցեին արվող ջերմ հայտարարությունների մի զգալի մասն էլ պայմանավորված է թերևս նրանով, որ այդպիսով Եվրամիությունը փորձում է այսպես ասած՝ բարոյական աջակցություն ցույց տալ Հայաստանին՝ հեղափոխությունից հետո, և դրանով որոշակիորեն արդարացնել նյութական աջակցության շոշափելի ավելացման բացակայությունը: Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի նախագահը արձանագրում է, որ վարչապետ Փաշինյանը, օրինակ, չի խորշում իր դեմ բողոքի վանկարկումների պարագայում զբոսնել եվրոպացի բարձրաստիճան հյուրի հետ այդ տարածքում, լսել իր հասցեին աղմկոտ վանկարկումները: Չէ՞ որ Փաշինյանը կարող էր այսպես ասած՝ փոխել երթուղին, կամ պլաններն ընդհանրապես: Ըստ այդմ, այդ առումով էլ Քոչարյանի աջակիցների բողոքը, թերևս, չարդարացրեց իրեն: Այլ հարց է այն, թե ինչ է կատարվում այդ ընթացքում վարչապետի տրամադրության հետ, այսպես ասած, ոչ առերևույթ: Սա, իհարկե, չափել հնարավոր չէ, բայց մյուս կողմից առայժմ բավականին հստակ է, որ նա ձեռնպահ է մնում նախկին իշխող համակարգի հակաքարոզչության դեմ, այսպես ասած, ռեպրեսիվ արձագանքներից՝ հատկապես նկատի ունենալով այն, որ այդ քարոզչությունը ուղղակի շատ դեպքերում անցնում է անգամ պետության անվտանգության սահմանները: Միաժամանակ նկատելի է, որ այդ առումով կա որոշակի հոգեբանական ճնշում և ամենևին ոչ միայն երկրորդ նախագահի աջակիցներից կամ քարոզչական շրջանակներից: Բանն այն է, որ կա նաև ճնշում շրջանակներից, որոնք գտնվում են թավիշը գիլյոտինով փոխարինելու պերմանենտ կոչերի կամ պնդումների ռեժիմում: Դժվար է ասել՝ այդ շրջանակներում կա՞ն նախկին իշխանության համակարգից գործուղված կամ պատվիրակված սուբյեկտներ, որոնք, այսպես ասած, «հեղափոխության անունից» են բանեցնում հոգեբանական ճնշումը, այդպիսով բացելով դրա երկրորդ ճակատ: Սակայն այն, որ դա խաղ է՝ հօգուտ նախկին իշխող համակարգի՝ կամա թե ակամա, թերևս անկասկած է: Որովհետև Հայաստանում հեղափոխության ուժն ու հաջողությունը հենց բռնության մերժումն էր, որպես գործողությունների շարժիչ գաղափար: Ընդ որում, թավիշ ասվածը գործնականում շատ է ենթարկվում մանիպուլյացիայի, որովհետև հարկ եղած դեպքում իշխանությունը գործածում է նաև ուժային գործիքներ, սակայն հասունացնելով դրանց լայն, խորքային լեգիտիմությունը, ոչ միայն հռչակագրա-պաթետիկ: Ինչ վերաբերում է գիլյոտինին, ապա գործընթացի, զարգացումների շարժիչ գաղափար և, այսպես ասած, հաջողության ու կայունության պայման, գրավական կարգվելու դեպքում, այն ուղղակիորեն դնելու է հեղափոխության խորքային հաջողության գրավականների քայքայման հիմքը: Ամենևին պատահական չէ, որ նախկին համակարգը մեծ հաշվով վարում է խաղ նոր իշխանության «նյարդերի» վրա, ոչ թե հանրության հետ աշխատանքի: Այդ իմաստով, ԵԽ նախագահ Տուսկի այցը իրողությունների խտացված դրսևորում էր, ու նաև այդ տեսանկյունից որոշակիորեն խոստումնալից, քանի որ, համենայնդեպս, այդ շրջանակում կառավարող ուժն աչքի ընկավ իրեն կառավարելու ճշգրիտ մարտավարությամբ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կարող է պարտվել, բայց միայն ինքն իրեն, ինքն իր առանցքին: Դա է պատճառը, որ ներկայումս արդեն առնվազն երկու ճակատով վարվում է հեղափոխության ոչ բռնի առանցքից շեղելու և, ըստ այդմ, հեղափոխությունը «զինաթափելու» առնվազն երկճակատ քաղաքականություն: Զարմանալի չի լինի, եթե աշնանն արդեն երրորդն էլ բացեն: