Եթե վեթինգն իրականացվելու է այս ԲԴԽ-ով, կարելի է պատկերացնել՝ ինչ ուղղությամբ կգնա. ԲԴԽ անդամների ընտրությունը հիասթափեցնող էր

Եթե վեթինգն իրականացվելու է այս ԲԴԽ-ով, կարելի է պատկերացնել՝ ինչ ուղղությամբ կգնա. ԲԴԽ անդամների ընտրությունը հիասթափեցնող էր

Երեկ Դատավորների ընդհանուր ժողովում ի վերջո ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի երեք անդամները՝ Նախշուն Տավարացյան, Մեսրոպ Մակյան և Ռուբեն Վարդազարյան: Դատավորների այս ընտրությունը միանշանակ չի ընդունվել: Իրավապաշտպան, փաստաբանական հանրությունը երեկվանից բարձրաձայնում է, որ այս կադրերով ԲԴԽ-ն հաստատ չի վայելելու հանրային վստահություն և երբեք չի կարողանալու դառնալ այն անբասիր կառույցը, որը պետք է հետագայում վեթինգ իրականացնի: «Իմ տպավորությունը ԲԴԽ անդամի ընտրությունից միանշանակ բացասական է, որովհետև վերանալով անձանցից՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը դնել թեկնածություն, հետո հավաքել ամենաքիչ ձայները, հետո որոշել համայնքի համերաշխության պայմաններում հրաժարական տալ, հետո ինչ-որ առեղծվածային պայմաններում նորից մտքափոխ լինել ու նորից գնալ դառնալ ԲԴԽ անդամ: Ընդ որում, խոսքը ՍԴ-ից հետո բարձրագույն դատարանի՝ Վճռաբեկ դատարանի դատավորի մասին է, որը արդարադատություն է իրականացնում: Ի վերջո, այդ մարդը կարող էր ինչ-որ հավակնություններ ունենալ, բայց ինձ համար անհասկանալի է այդ ամբողջ դատավորների լուռ համաձայնությունը, դիրքորոշումը այս հարցում, երբ որևէ մեկը չի ասում՝ հարգելիներս, երբ նման բան ենք անում, բա հասարակությունը մեր մասին ի՞նչ կմտածի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ հավելելով, որ քանի դեռ դատական համակարգն ինքն իրեն չի հարգում, ակնկալել, որ հասարակությունը հանկարծ սկսելու է իրենց հարգել, կամ մի գիշեր քնելու ենք և արթնանանք, ու իշխանության մյուս երկու ճյուղերն են սկսելու իրենց հարգել, ապա դա հեքիաթ է: «Որևէ մեկը հենց այնպես իրենց չի հարգելու, քանի դեռ հենց իրենք չեն հարգում իրենց խոսքը և որպես մեկ համայնք չեն արձագանքում նման երևույթների»,- նկատեց Գյոզալյանը: Փաստաբանի խոսքով՝ ԲԴԽ-ում պետք է լինեն լավ իմաստով հեղափոխական անձինք, բայց հիմա ԲԴԽ-ում կան անդամներ, որոնցից հենց Գյոզալյանը լուրջ սպասելիքներ չունի. «ԲԴԽ-ն պետք է համահունչ լինի ներկա իրողություններին: Եթե ԱԺ-ում փոփոխություն է եղել, արմատապես փոխվել է նախկին վատը, ապա նույնը հնարավոր չէ ասել ԲԴԽ-ի մասին: Նույն նախկին մասսան է, որը հնարավոր է հավատարմության երդում տա ներկա իշխանություններին, ինչը խայտառակություն կլինի: Ինչքան էլ մեր իշխանությունները լավը լինեն, վայելեն հանրային վստահություն, բայց եթե ԲԴԽ-ն կտրված չեղավ իշխանությունից, լավ բան մի սպասեք: Գուցե կաշառքը վերանա, բայց կախումը գործադիր իշխանությունից մնալու է, ինչպես Վրաստանում է, որը շատ ավելի վատ է, քան մեկ-մեկ հանդիպող կաշառքի դեպքերը»,- նկատեց փաստաբանը՝ հավելելով, որ եթե իշխանությունը մտադիր է վեթինգն իրականացնել հենց այս ԲԴԽ-ով, ապա կարելի է պատկերացնել, թե այդ վեթինգն ինչ ուղղությամբ կգնա. «Ինձ համար արդեն խիստ կասկածելի է, թե այդ արդար չափը արդար կշեռք կլինի, թե ոչ: Պատիժներ շատ կլինեն, բայց թե կշեռքը արդար կլինի՝ այ, այդ մասով ես կասկածներ ունեմ»: Գյոզալյանից հետաքրքրվեցինք՝ ինչն էր պատճառը, որ Դատավորների ընդհանուր ժողովին ներկա 190 դատավորները այսպես հանդուրժող վերաբերմունք ցուցաբերեցին այս ոչ միանշանակ ընտրությանը, եթե իրենք իրականում ունեին ազատորեն գործելու լայն հնարավորություն, գոնե քաղաքական իշխանության կողմից որևէ ճնշման փորձ չէր եղել. «Գիտեք, մի խոսք կա, որ ասում է՝ եթե դու երեխա ժամանակ հեծանիվ չես ունեցել, նշանակում է դու երբեք հեծանիվ չես ունեցել: Այսինքն՝ որքան էլ մենք խոսենք նոր իշխանության մասին, բայց դատական համակարգում դեռ ունենանք լսող, հրահանգի սպասող դատավորներ, ապա այլ բան սպասելը միամտություն կլինի: Թեև նրանց կողքը ունենք հրաշալի դատավորներ, բայց նրանք քիչ են: Իսկ խելոք, լսող, հրահանգի սպասողներ շատ կան, և միշտ կա վերևից թելադրող մեկը, որը միշտ ասում է, թե ինչ անեն: Իսկ անողներն էլ ինքնուրույն մտածելու ունակություն չունեն, նրանց պետք է միշտ ասել, թե ինչ անեն»,- եզրափակեց Գյոզալյանը: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը ևս հիասթափված է ԲԴԽ անդամների ընտրությունից: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ անունները տեսնելով իր մեջ միայն մեկ ցանկություն է առաջացել՝ հավաքել իրերն ու գնալ երկրից, քանի որ սա նշանակում է՝ էլ հույս չկա, որ համակարգում կարող է իրավիճակ փոխվել: «Սա նշանակում է արդարադատությունը վերջնականապես տապալել: Ասենք, ԲԴԽ անդամ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը, ով Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի հետ սերտ կապերի մեջ է եղել: Ես չեմ կարողանում հասկանալ կատարվածը: Վարդազարյան Ռուբիկը երբ Կենտրոնի դատարանի նախագահն էր, բազմաթիվ կեղծիքներ է թույլ տվել: Ես դրանք հատ առ հատ կարող եմ մատնացույց անել Վարդազարյանին: Նույնն էլ կարող եմ ասել մյուսների դեպքում: Մենք ասում էինք, որ նոր ԲԴԽ ենք ուզում, բայց հնով փորձեցինք կարկատել եղածը, իսկ դա ոչ մի լավ բանի չի տանի: Կոռուպցիայի, հովանավորչության հետ կապված անձինք ոչ մի պարագայում չեն կարող մթնոլորտի փոփոխությամբ պայմանավորված փոխվել: Սրանք այն դատավորներն են, որոնց ոչ միայն վեթինգի պետք է ենթարկեին, այլև նրանք պետք է անցնեին Քրեական օրենսգրքով, այլ ոչ թե դառնային ԲԴԽ անդամ և մի բան էլ նրանց վերապահվեր դատական իշխանության բարեփոխումների լրջագույն գործառույթը: Կամ այս դատավորները ինչպե՞ս կարող են վեթինգ իրականացնել»,- նկատեց իրավապաշտպանը: