Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդից ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի դուրս թողնելը կրում է ակնհայտ ուղղորդված բնույթ. Նարեկ Ենոքյան

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդից ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի դուրս թողնելը կրում է ակնհայտ ուղղորդված բնույթ. Նարեկ Ենոքյան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան փորձագետ Նարեկ Ենոքյանի հետ զրուցել ենք վերջերս Վարչապետի որոշմամբ ստեղծված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի և առկա խնդիրների վերաբերյալ։ Պարոն Ենոքյան, ի՞նչ եք կարծում, արդյունավետ հակակոռուպցիոն պայքար իրականացնելիս ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ Վարչապետի ղեկավարությամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը: Նախ ցանկանում եմ նշել, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը, թեկուզև Վարչապետի համապատասխան որոշմամբ վերջերս է ստեղծվել, այդուհանդերձ այն իր ձևաչափով և գործառույթներով չի տարբերվում նախկինում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից։ Հետևապես, չեմ կիսում այն կարծիքը, թե խորհուրդը նոր է ստեղծվել։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարում խորհրդի արդյունավետությանն ու դերակատարությանը, կարծում եմ, որ նախատեսված իրավակարգավորումներով դժվար թե ապահովվի այդ խորհրդի արդյունավետությունն ու ազդեցությունը հակակոռուպցիոն բարեփոխումների վրա։ Մասնավորապես, երբ ծանոթանում ենք որոշմանը, ակնհայտ է, որ այն հետապնդել է ակնհայտ ուղղորդված բնույթ. այն է՝ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդից Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային, Հանրային խորհրդին և Հայաստանի համայնքներին միությանը դուրս թողնելը։ Ընդ որում, վերջինս ապահովում էր ՏԻՄ-երի մասնակցությունը խորհրդում։ Ավելին, ընդունված իրավակարգավորումներով, ՏԻՄ-երը այժմ առհասարակ ընդգրկված չեն խորհրդում։ Կարծում եմ, որ այս ուղղորդված փոփոխությունները կոնկրետ անձանց կամ խմբերի կողմից են նախաձեռնվել։ Վարչապետի աշխատակազմում ներկայումս բարձր պաշտոններ են զբաղեցնում քաղաքացիական հասարակության սեկտորի նախկին ներկայացուցիչներ, ովքեր երկար ժամանակ է չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան Հայաստանում հանդիսանում է հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներից և բարեփոխումների նախաձեռնողներից։ Կոալիցիան ճանաչում է ստացել նաև միջազգային հարթակներում։ Եվ սրանով պայմանավորված, կարծում եմ, որ այս գործընթացները ուղղորդվել են հենց նրանց կողմից, քանի որ որևէ իրավական հիմնավորում և փաստարկ չի դրվել որոշման հիմքում։ Այս ամենից հետևում է, որ նման գործելակերպը կոռուպցիայի դեմ պայքարում հետքայլ է և չի բխում «թավշյա հեղափոխության» արժեքներից: Ըստ իս, հեղափոխություն իրականացրած հասարակությունը ժողովրդավարական և ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ խորհուրդ ունենալու սպասելիքներ ուներ: Արդյո՞ք ստեղծվելիք խորհուրդը իր լիազորություններով և դերակատարությամբ տարբերվում է վերջերս ՀՀ վարչապետի որոշմամբ գործունեությունը դադարեցրած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդից: Նախ նշեմ, որ ես այն համոզմունքին եմ, որ քննարկվող խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը չկար, քանի որ ստեղծվելիք անկախ հակակոռուպցիոն մարմնի հիմնական գործառույթներից պետք է լինի հենց հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը։ Վերադառնալով Ձեր հարցին, նշեմ, որ ուսումնասիրելով նախկինում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի լիազորությունները և գործառույթները և համեմատականներ անցկացնելով Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդի լիազորությունների և գործառույթների հետ, հանգեցի այն եզրահանգմանը, որ այս երկու խորհուրդների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում որևէ էական փոփոխություններ առկա չեն: Ըստ այդմ, ի չիք է դառնում Վարչապետի աշխատակազմի այն հիմնավորումը, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ստեղծումը պայմանավորված է եղել օրենսդրական և սահմանադրական փոփոխություններով և Կառավարության անբեկանելի ցանկությամբ՝ ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը: Ըստ Ձեզ՝ խորհրդի կազմում ընդգրկվելիք ՀԿ-ներին առաջադրվող չափանիշները ապահովելո՞ւ են մասնագիտացված ՔՀԿ-ների պատշաճ ներգրավվածությունը խորհրդում: Իմ կարծիքով, խորհրդի կազմում ընդգրկվելիք հասարակական կազմակերպություններին առաջադրվող պահանջները չեն ապահովելու մասնագիտացված ՔՀԿ-ների պատշաճ ներգրավվածություն: Ընդհակառակը, այս որոշմամբ նվազեցվեց մասնագիտացված ՔՀԿ-ների ներգրավվածությունը։ Մասնավորապես, նախագծով դադարեցվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական մարմնի կարգավիճակ ունեցող Հանրային խորհրդի անդամակցությունը։ Առնվազն տարօրինակ է նաև այն փաստը, որ հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ հանդիսացող Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որն իր մեջ ընդգրկում է շուրջ 90 ՔՀԿ-ներ Երևանից և ՀՀ մարզերից, դուրս է հանվել խորհրդից։ Հավելեմ նաև, որ որոշման նախագծով սահմանված էր մի կարգավորում, որով ՀԿ-ների ընտրությունը կազմակերպվելու էր վիճակահանությամբ։ Համաձայնվեք, որ սա լուրջ իրավական գործընթաց չէ։ ՀԿ-ների ընտրությունը պետք է կատարվի հստակ մասնագիտական չափորոշիչների հիման վրա։ Մեր առաջարկի հիման վրա վիճակահանության գործընթացը դուրս եկավ որոշումից, և սահմանվեցին որոշ չափանիշներ։ Մենք նաև առաջարկել էինք սահմանել գնահատման հստակ չափանիշներ, և չափանիշներից մեկը վերաբերում էր հակակոռուպցիոն ոլորտում հանրային քաղաքականության մշակմանն ու դրա ազդեցությանը։ Սակայն այստեղ ևս Վարչապետի աշխատակազմը հապաղում է և սահմանում է այնպիսի չափորոշիչներ, որոնք կապահովեն ոչ մասնագիտացված ՀԿ-ների մուտքը խորհուրդ։ Օրինակ` չափորոշիչների մեջ բացակայում է հակակոռուպցիոն հանրային քաղաքականությունների բարելավման (մշտադիտարկման, մշակման, փոփոխությունների կատարման) ոլորտի ՀԿ-ների փորձառության վերաբերյալ չափորոշիչը, որը պետք է լիներ այս խորհրդի կազմում ՀԿ-ների ընտրության թիվ 1 չափորոշիչը: Բնականաբար, նման պայմաններում դժվար կլինի խոսել խորհրդում ՀԿ դաշտի մասնագիտացված և պատշաճ ներգրավվածության մասին։ Ինչպես կգնահատեք հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող փոփոխությունները՝ կապված ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման հետ։ Դատելով հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող գործընթացների բովանդակությունից, կարծում եմ, որ ներկայումս կան բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ուղղորդվում են սուբյեկտիվ շահագրգռվածություն ունեցող որոշ խմբերի, կենտրոնների կողմից, քանի որ նախկինում աշխատանքային հարաբերություններ են ունեցել կամ անդամակցում են այդպիսի խմբերի, կենտրոնների։ Վերջիններս հեղափոխությունից հետո ստանձնել են պատասխանատու պաշտոններ, սակայն դեռ չեն գիտակցում հասարակական կազմակերպություններում և պետական մարմիններում աշխատելու տարբերությունները: Եվ կարծում եմ, որ այս ձևաչափով և մոտեցմամբ Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում ուրվագծվող ինստիտուցիոնալ համակարգի առանձին տարրերը հնարավոր է զուրկ լինեն իրենց ամենակարևոր հատկանիշից` սուվերենությունից: Ամփոփելով նշեմ, որ այլևս իրողություն է այն փաստը, որ թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ՀԿ-ներ սերտաճել են իշխանության հետ։ Ընդունված փիլիսոփայության համաձայն, ՀԿ-ները պետք է հավատարիմ մնան իրենց կանոնադրական նպատակների իրականացմանը, լինեն անկախ, ապաքաղաքականացված, և ոչ թե ստվերային, իսկ որոշ դեպքերում նաև՝ ակնհայտ կերպով, իշխող քաղաքական ուժի հետ փոխկապակցված տարբեր պաշտոնյաների միջոցով, առաջ տանեն իրենց սեփական օրակարգերը: Ժողովրդավարական հասարակությունում նմանատիպ մոտեցումները անընդունելի են: Աղբյուրը` Infocom