«Սերժը» շարունակվում է․ եթե իշխանության ներկայացուցիչը ասում է՝ 40 տարի լինելու ենք, արդեն խնդիր է

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում: Որո՞նք են կառավաության ձախողումների պատճառները. հարցվածների 22 տոկոսը, ի պատասխան այս հարցի, նշել է վատ կառավարումը, իսկ 27 տոկոսը նշել է, որ այս կառավարությունը ձախողումներ չունի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը, քաղաքագետ Գոռ Մադոյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: «Պետք է փաստենք, որ ըստ էության իշխանությունը, մասնավորապես կառավարությունը նոր էջից, զրոյից է սկսել քաղաքական և պետական կառավարումը՝ մերժելով նախկին համակարգը… Եկել է նոր թիմ, կառավարման համակարգ են եկել նոր մարդիկ, որոնց զգալի մասը կառավարման առումով անփորձ է, և նրանց կայացրած որոշումները կարող են երբեմն նաև սխալ լինել կամ չհիմնավորված: Խնդիրն այն է, որ վերջնական ուղենիշը լինի ճիշտ»,- նշեց Ս. Անտինյանը: Ա. Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ գերինքնավստահ վիճակ կա, որը խանգարում է ռեալ դաշտում գործել: «Կան մարդիկ, որոնք կարծում են, որ իրենք ամեն օր «Աստծո հետ շփվում են» և ամեն ինչին ավելի լավ են տիրապետում: Օրեր առաջ լսեցի, որ պատգամավորներից մեկն ասաց՝ մենք 40 տարի իշխանության ենք լինելու: Սա խնդիր է: Սահմանադիրը միշտ ուզում է, որ ցանկացած քաղաքական ուժ իր լինել-չլինելու մասին ժողովրդին հարցնի, ոչ թե այդքան ինքնավստահ լինի… Ինչի՞ հիման վրա ես ասում, որ 40 տարի իշխանության եք լինելու, նշանակում է ժողովուրդը ձայն չունի, դու ես որոշելու, ընտրությունն չէ այստեղ, այսինքն՝ «սերժը» շարունակվում է, սա խնդիր է ինձ համար՝ որպես սահմանադրի ներկայացուցչի»: Գ. Մադոյանի կարծիքով՝ կառավարության այն քաղաքականությունը, որ «դանդաղ են շտապում, որ սխալներ և բացթողումներ չլինեն, և որ բոլորի համար լավ լինի», խաբկանք է. «Ուրեմն ռեֆորմներ չեն իրականացվում կամ կոնսերվացվում են, որովհետև բոլորի համար լավ չի կարող լինել, հնարավոր չէ այնպիսի համակարգ կառուցել, որից բոլորը հավասարապես գոհ լինեն»: Ա.Մարտիրոսյանը նշեց, որ դանդաղ շտապելու իրավունք չունենք, պետք է գործ անենք: Ս. Անտինյանը հավելեց, որ առավել կարևոր է ոչ այնքան շարժման արագությունը, որքան շարժման ուղղությունը: Մանրամասն՝ տեսանյութում: