Հայ-իսրայելական հարաբերությունների հսկա ներուժը շատ քիչ է իրացված․ ինչ է առաջարկում ՀՀ-ում Իսրայելի դեսպանը

Օրերս Երևանում տեղի է ունեցել Իսրայելի անկախության 71-ամյակին նվիրված միջոցառում։ «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկուն։ Չնայած այն բանին, որ հայ և հրեա ժողովուրդների մշակույթներում ընդհանուր բան կա, շատ նման են՝ երկու ազգերն էլ հնուց ի վեր գտնվել են բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, հայ-իսրայելական հարաբերությունները չի կարելի համարել կայուն և երկարաժամկետ՝ ելնելով այն փաստից, որ առ այսօր Երևանում Իսրայելը չունի դեսպանատուն։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հարցին դեսպան Բելոցերկովսկին պատասխանեց․ «Ես չէի ասի, որ այդ հարաբերությունները կայուն չեն, բայց այն ներուժը, որ կա մեր երկրների հարաբերություններում, շատ քիչ է օգտագործվել։ Այո, մեր ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություն և նմանություն, և ես այստեղ կփորձեմ անել ամեն ինչ՝ ստեղծել հիմք, որպեսզի մեր հարաբերությունները դառնան ավելի ամուր, և օգտագործվի այն հզոր ներուժը, որ կա»։ Իսկ ո՞րն է այդ հիմքի էությունը «Առաջին լրատվական»-ի հարցին Իսրայելի դեսպանը պատասխանեց․ «Այդ հիմքի էությունը կունենա շատ թեմատիկաներ, որոնցից հիմնականը կլինեն տնտեսական կապերը, որոնք չափազանց կարևոր են։ Այս պահին այդ խոշոր նախագծերից մեկը Գյումրիում պետք է իրականացվի, որի վրա աշխատում են հրեա գործարարները, և հույս ունենք, որ այդ նախագիծը կհաջողի և այն կհրապուրի շատ հրեա գործարարների Հայաստանում գործունեություն ծավալելու համար։ Այնպես որ, էկոնոմիկան այդ շատ կարևոր թեմաներից մեկն է»։ «Երկրորդ թեման, որի շուրջ մենք կարող ենք խոսել, զբոսաշրջությունն է։ Մենք շատ փոքր երկիր ենք, իսկ իսրայելցիները շատ են սիրում զբոսնել, բայց նրանք գրեթե ծանոթ չեն Հայաստանին։ Ես մի քանի տարի առաջ հնարավորություն եմ ունեցել լինել Հայաստանում և տեսել եմ այն հսկայական ներուժը, որ ունի Հայաստանը զբոսաշրջության բնագավառում»,- հավելեց Էլիավ Բելոցերկովսկին։     Մանրամասները՝ տեսանյութում։