Արարատ Միրզոյանը դիմել է էժանագին մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություն է արել Ազգային ժողովում

Արարատ Միրզոյանը դիմել է էժանագին մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություն է արել Ազգային ժողովում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը այսօր՝ հունիսի 25-ին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի քվերակությունից առաջ ընթերցեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը, որով կոալիցիան  դատապարտել է նախագծով առաջարկվող  փոփոխությունները:Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսպես էր արձագանքել Արման Բաբաջանյանի կողմից ընթերցված հայտարարությանը. «Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, Ձեր նշած կազմակերպությանը, բնական է, որովհետև գործող չփոխվող մեխանիզմով պետք է ձևավորվի մրցութային հանձնաժողով և այդտեղ թեկնածու առաջադրելու իրավունք ունի նաև այդ ՀԿ-ն և այդտեղ այդ ՀԿ-ի նախագահի դուստրն է ներկայացված: Ամեն ինչ շատ կենցաղային է երբեմն»,-նշեց Արարատ Միրզոյանը: Նշենք սակայն, որ ԱԺ նախագահը մի քանի կոպիտ սխալներ է թույլ տալիս այս հայտարարությունը անելով: 1.  Որևէ ՀԿ իրավունք չունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածու առաջադրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը պետք է կազմված լինի Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի և Փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին և Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից մեկական թեկնածու առաջադրելու համար։ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Հստակ երևում է, որ զեկուցողը «այդ ՀԿ» ասելով նկատի ուներ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ին, որը, ըստ վերը նշված օրենքի, մրցութային խորհրդում թեկնածու առաջադրել չէր կարող, քանի որ օրենքով նման իրավունք ասոցիացիային վերապահված չէ: Փաստ 1. ԱԺ նախագահը դիմել է պարզ մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն է ներկայացրել ԱԺ բարձր ամբիոնից, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու իրավունք «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն չի ունեցել: 2.«Այդ ՀԿ-ի նախագահի դուստրը» մրցութային խորհրդի անդամի թեկնածու է առաջադրվել Փաստաբանների պալատի կողմից Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահի դուստրը Փաստաբանների պալատի կողմից մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրված, Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանն է: Նշենք, որ նշված 5 կառույցներից, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության նպատակով մրցութային խորհրդի կազմում խորհրդի անդամի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին, Փաստաբանների պալատը միակն էր, որը ընտրությունը կատարել է մրցութային սկզբունքով: Փաստաբանների պալատը 2018 թվականի մայիսի 21-ին հայտարարել է մրցույթի անցկացման մասին: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 8 թեկնածուից հարցազրույցին ներկայացել են 6-ը: Հարցազրույցն իրականացնող աշխատանքային խումբն, (Էմիլ Ամիրխանյան, Մանե Կարապետյան և Ծովինար Խաչատրյան) ամփոփելով հարցազրույցի արդյունքները, Մրցութային խորհրդի անդամի թեկնածուի հավակնորդ է ընտրել փաստաբան Մարիամ Զադոյանին և ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը (արտոնագիր թիվ 1901) նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ: Փաստ 2. ԱԺ նախագահը դիմել է պարզ մանիպուլյացիայի և ապատեղեկատվություն է ներկայացրել ԱԺ բարձր ամբիոնից, քանի որ Մարիամ Զադոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդամ չի առաջադրվել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից: 3. Ի՞նչ կապ կա ՀՀ փաստաբանների պալատի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման՝ փաստաբանների պալատից հայտնում են, որ պալատի կողմից անցկացված մրցույթի թեկնածուին առաջադրվել են 2 պահանջ։ Դրանք են՝
  • թեկնածուն պետք է լինի փաստաբան (հարցազրույցին չի կարող մասնակցել այն փաստաբանը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ),
  •  թեկնածուն պետք է ունենա հակակոռուպցիոն ոլորտում  (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդրիների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին  մասնակցություն և այլն) առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ:
Նշված պահանջ-չափանիշները կազմվել են՝ ելնելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի պահանջներից և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատշաճ ձևավորման և արդյունավետ գործունեության ապահովման անհրաժեշտությունից: Մասնավորապես, Պալատի թեկնածուն պետք է լիներ փաստաբան, քանի որ այդ պահանջը բխում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթների իմաստից, որոնք, Պալատին մասնակից դարձնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման գործընթացին, նպատակ ունեն ապահովել փաստաբանության՝ որպես քաղաքացիական հասարակության կարևոր ինստիտուտներից մեկի ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին: Միաժամանակ, հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի հանրային մեծ նշանակությունը և այդ պայքարի ինստիտուցիոնալ կարևոր բաղադրիչ հանդիսացող նշված հանձնաժողովի անդամների անհատական մասնագիտական և բարոյական որակների մեծ դերը հակակոռուպցիոն հանրային քաղաքականության մշակման և իրացման գործում, Պալատը բացառել է այն ընտրող մարմնում այն փաստաբանի մասնակցությունը, որը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և տույժը մարված չէ: Պալատի կողմից թեկնածուներին առաջադրվել էր նաև հակակոռուպցիոն ոլորտում աշխատանքի առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձ: Թեկնածուների հետ կազմակերպվել է հարցազրույց, որի շրջանակներում փաստաբաններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր փորձառությունը հակակոռուպցիոն բնագավառում։ Մրցութային աշխատախումբը գնահատել է թեկնածուների գիտելիքները, հակակոռուպցիոն ոլորտի իմացությունը, կոռուպցիայի և դրա դեմ պայքարի անձնական-հոգեբանական վերաբերմունքը և տեսլականը, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական փորձը նշված ոլորտում, որպիսի հանգամանքների պարզմանն էլ ուղղված են եղել թեկնածուներին տրվող հարցերը: ՀՀ փաստաբանների պալատը մրցութային խորհրդի թեկնածուին ընտրելիս առաջնորդվել է թեկնածուի կողմից հակակոռուպցիոն ոլորտում  (պաշտպանության իրականացում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակում, կոռուպցիային առնչվող խնդրիների գիտական ուսումնասիրություն, հակակոռուպցիոն բնույթի ծրագրերին  մասնակցություն և այլն) մասնագիտական փորձ ունենալու չափանիշով։ Փաստ 3. ՀՀ փաստաբանների պալատը չի հանդիսանում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ և Կոալիցիայի ու Փաստաբանների պալատի միջև, որևէ իրավական կապ գոյություն չունի: Հ.Գ. Երբ բացկայում են փաստարկները` միշտ պարարտ հող է ստեղծվում էժանագին մանիպուլյացիաների և ապատեղեկատվության համար:
Իրավաբան.net