Սենատոր Սանդերսն առաջարկել է չեղարկել ամերիկացի ուսանողների 1,6 տրլն դոլար պարտքերը. The Washington Post

Սենատոր Սանդերսն առաջարկել է չեղարկել ամերիկացի ուսանողների 1,6 տրլն դոլար պարտքերը. The Washington Post

Սենատոր Բեռնի Սանդերսը, որը հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, քննարկման է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է ամերիկացի ուսանողների ուսումնառության վարկերի բոլոր պարտքերի ամբողջական և անհապաղ դուրսգրում, որն այսօրվա դրությամբ կազմում է 1,6 տրլն դոլար: Այդ մասին հունիսի 24-ին հայտնել է The Washington Post թերթը: Սանդերսի օրենսդրական նախաձեռնությունը, եթե այն հավանության արժանանա, կվերաբերի ընդհանուր առմամբ մոտավորապես 45 մլն ամերիկացիների: Սենատորն առաջարկում է ուսանողների պարտքերը մարել ֆինանսական տրանզակցիաների վրա նոր հարկեր, մասնավորապես, բորսայական գործառնությունների վրա 0,5 տոկոսի և պարտատոմսերի վրա՝ 0,1 տոկոսի հարկեր սահմանելու հաշվին: Այդ ամենը սենատորն անվանել է «հարկեր Ուոլ-սթրիթի վրա»: Սանդերսն իր առաջարկության իրականացման դեպքում ակնկալում է ուսանողական պարտքերի խնդրին վերջ դնել կես տարվա ընթացքում: «Օրինագիծը ենթադրում է երկրում ուսանողական պարտքերի լիակատարր վերացում, ինչը թույլ կտա վերջ դնել անհեթեթ իրավիճակին, երբ մի ամբողջ սերունդ դատապարտված է պարտքեր վճարել իր ամբողջ կյանքի ընթացքում, թեև այս մարդկանց միակ «հանցանքն» այն է, որ նրանք ճիշտ են վարվել՝ ստացել են բարձրագույն կրթություն»,-թերթը մեջբերում է Սանդերսի խոսքը: Ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը, ուսանողական վարկերի գծով միագումար պարտքի ծավալն ԱՄՆ-ում 2003 թվականից ի վեր մեծացել է ավելի քան 350 տոկոսով՝ մինչև 1,6 տրլն դոլար, ինչը գերազանցում է երկրի քաղաքացիների` վարկային քարտերով, ավտովարկերով և բնակելի անշարժ գույքի գրավի դիմաց վարկերով պարտքի ընդհանուր գումարը: Իշխանությունների կանխատեսումներով՝ ամերիկացիների մոտավորապես 30 տոկոսը, որոնք վարկ են վերցրել կրթություն ստանալու համար, հազիվ թե կարողանան այն վճարել: