Ֆրանսիան հավանություն չի տալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի մտադրությանը

Ֆրանսիան հավանություն չի տալիս Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի մտադրությանը

Ֆրանսիան բացասաբար է վերաբերվում Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հայտարարությանը: Այդ մասին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին առընթեր Ֆրանսիայի պետական քարտուղար Ամելի դե Մոշալենը հայտարարել է հունիսի 24-ին CNews-ին տված հարցազրույցում: «Ֆրանսիան չի կարող հավանությամբ վերաբերվել այն բանին, ինչը նպաստում Է (Իրանում) իրադրության Էսկալացմանը: Այն, ինչ ներկայում տեղի է ունենում Իրանի շուրջ, մենք դիտարկում ենք որպես չափազանց վտանգավոր իրադարձություններ: Տարբեր կողմերից՝ Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների կողմից, հնչում են քաղաքական գործիչների ռազմաշունչ հայտարարություններ, որոնք չի կարելի խելամիտ և պատասխանատու համարել, թեև դրանք հենց այդպիսին պետք է լինեին ներկա իրավիճակում»,- նշել է դե Մոնշալենը: Նա ընդգծել է, որ այդ կապակցությամբ «գլխավոր խնդիրը խաղաղության պահպանումն ապահովելն է»: «Իրանի հետ միջուկային գործարքի նկատմամբ երկրների տարբեր վերաբերմունքի պայմաններում Ֆրանսիան կարծում է, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել բոլորի հետ՝ ձգտելով հասնել իրադրության կայունացման, և գլխավորը՝ խուսափել այն միջադեպերից, որոնք կարող են հանգեցնել զինված հակամարտության հանկարծակի ծավալման կամ այնպիսի հայտարարությունների հայտնվելուն, որոնք նպաստում են լարվածության սաստկացմանը»: Պատասխանելով հարցերին՝ դե Մոնշալենն ընդգծել է, որ «Ֆրանսիան ոչ մի դեպքում չէր մասնակցի Իրանի հետ զինված հակամարտությանը, որը քիչ էր մնում՝ այս օրերին սկսվեր»: «Մենք ամենևին կողմնակից չենք գործողությունների ռազմաշունչ դինամիկային. մենք գտնվում ենք դիվանագիտական գործողությունների դինամիկայի ոլորտում»,- նշել է նա: «Հենց դրա համար էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը մտադիր են Օսակայում Քսանի խմբի առաջիկա գագաթնաժողովում առավելագույնս խորը կոնսուլտացիաներ անցկացնել իրադրությունը հանդարտեցնելու և լարվածությունը թուլացնելու համար»,- հավելել է պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: