Ընդդիմադիր Իմամօղլուն Ստամբուլում հաղթանակը նորի սկիզբ է համարում

Ընդդիմադիր Իմամօղլուն Ստամբուլում հաղթանակը նորի սկիզբ է համարում

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած Էքրեմ Իմամօղլուն խոսել է ընտրությունների արդյունքների և ապագա ծրագրերի մասին: Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ֆոտոխցիկների առջև իր ուղերձը հղեց ժողովրդին՝ նախապես շնորհավորելով նրանց: «Մենք կողմ ենք, որ աշխատի ժողովրդավարության ժամացույցը: Մարտի 31-ին այն չաշխատեց: Սակայն, ժամացույցները կանգնեցնելով ժամանակը չեք կարող կանգնեցնել և դա այս ընտրություններով ապացուցվեց: Արդարության հանդեպ մեր հավատը վերականգնվեց, որն ապահովեցին ոչ միայն իմ օգտին քվեարկած քաղաքացիները, այլ բոլոր նրանք, որոնց օգնությամբ ընտրություններն անցան ավելի հասուն մթնոլորտում: Դուք Թուրքիայի ժողովրդավարության համբավը ամբողջ աշխարհի առջև բարձր պահեցիք: Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր ընտրողներին»,- նշել է նա: Իմամօղլուն, վստահեցնելով, որ ջանք չի խնայելու Ստամբուլի և, առհասարակ, Թուրքիայի լավ ապագայի համար, հայտնեց, որ ցանկանում է հանդիպել նախագահ Էրդողանին և պատրաստ է նրա հետ աշխատելու: «Քաղաքացին հոգնել է քաղաքական պայքարից: Ուստի՝ ցանկանում ենք ավարտելու նպատակով օրակարգում ներառել այն բոլոր խոստումները, որոնց կատարման գործը մենք կիսատ ենք թողել», - հայտնել է նա: Եզրափակելով իր խոսքը՝ Իմամօղլուն հայտարարեց. «Սա հաղթանակ չէ, այլ նոր սկիզբ: Քաղաքացիներին ուզում եմ տեղեկացնել, որ հավասար վերաբերմունք եմ ցուցաբերելու բոլորի նկատմամբ»: Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը: «Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը՝ 14 հազար 545 ձայն: