Քաղաքական խճողվածք է. Քոչարյանը խաղում է իրեն թողնված քաղաքական միակ պարտիան

Քաղաքական խճողվածք է. Քոչարյանը խաղում է իրեն թողնված քաղաքական միակ պարտիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսսկցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։ Պարոն Հայրապետյան, ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունից եւ նրա հայտարարությունից հետո երկրում սահմանադրական ճգնաժամ է առաջանում։ Ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենա այս զարգացումը։ Միանգամայն ճիշտ եք. կարող է սահմանադրական ճգնաժամ առաջանալ: Բայց դրա պատճառն իմ սիրելի պարոն Վահե Գրիգորյանի ընտրությունն ու հայտարարությունը չէ, հակառակը՝ նա համարձակորեն բարձրացրեց այն խնդիրը, որի առջև մինչև այժմ կա՛մ աչք էինք փակել, կա՛մ պարզապես չէինք նկատել: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա սահմանադրական նախաճգնաժամային վիճակը, պայմանավորված է նրանով, թե մեր երկիրն առաջիկայում կհայտնվի՞ արտաքին ագրեսիայի դեմ, թե՞ ոչ: Դրանի՛ց կախված կլինի ելքը: Եթե որևէ արտաքին ներխուժում չլինի, ապա նախորդ իշխանությունը անարդյունավետ դիմադրություններով հանդերձ՝ գործադիրի և օրենսդիրի նման կարճ ժամանակում կզիջի նաև ամբողջ դատական իշխանությունը, այդ թվում՝ սահմանադրականը: Իրավակա՞ն, թե՞ քաղաքական կազուս է սա։ Ո՞ր տեսանկյունից է հարկավոր դիտարկել այս խնդիրը։ Սա բացառապես քաղաքական խճողվածք է՝ իրավականի ծածկույթով և հիմքով: Լուծումներն էլ լինելու են բացառապես քաղաքական՝ դարձյալ իրավականի ծածկույթով և հիմքով: Ռոբերտ Քոչարյանի գործը քննող վերաքննիչ դատարանը մտել է խորհրդակցական սենյակ՝ կալանքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Արդյո՞ք դատարանը վճռականություն կդրսեւորի Քոչարյանին կալանավորելու հարցում։ Մի՞թե մենք դատարան ունենք, որ հիմա էլ չափենք նրա վճռականության աստիճանը: Պարոն Քոչարյանի կալանավորումն առաջին հերթին հենց իրեն՝ Քոչարյանին է ձեռնտու, քանի որ այդ դեպքում է միայն, որ նա հնարավորություն կունենա քաղաքական գործոն դառնալու՝ իշխանության բոլոր հակառակորդներին, ինքնապահպանման բնազդը խաղարկելով, հավաքել մեկ առանցքի շուրջ: Ազատության մեջ նա որևէ տիպի գործոն լինելու պաշար չունի: Իհարկե, կալանավորման միակ շահառուն պարոն Քոչարյանը չէ. որոշ իմաստով դա ձեռնտու է նաև իշխանությանը, քանի որ հնարավոր կլինի էլի ինչ-որ ժամանակ ձգել հեղափոխական սևի-սպիտակի մեթոդոլագիան՝ արգելակելով գաղափարական մրցակից ուժերի դաշտում հայտնվելը, բայց կալանավորման տակտիկան շեղբի վրայով քայլել կնշանակի: Ձեր կարծիքով, Մոսկվայի անթաքույց աջակցությո՞ւնն է թույլ տալիս Քոչարյանին՝ դատարանին սպառնալու, թե՞ մեղադրյալը պարզապես փորձում է մինչեւ վերջ դիմադրել։ Քոչարյանը Մոսկվայից ավելի աջակցություն չունի, քան հայաստանյան համատարած հինգերորդ շարասյան մնացյալ օղակները: Ինչպես Ձեր ԶԼՄ-ում վաղուց և բազմիցս ասել եմ՝ նա Մոսկվայի կողմից ընդամենը կարող է օգտագործվել որպես գործիք: Պարոն Քոչարյանը ո՛չ սպառնում է դատարանին, ո՛չ էլ դիմադրում է, առավել ևս մինչև վերջ: Նա խաղում է իրեն թողնված քաղաքական միակ պարտիան, և պետք է խոստովանել՝ առայժմ անթերի է անում դա: Վերջին օրերին ՌԴ դեսպան Կոպիրկինը հանդիպումներ է ունեցել թե՛ Քոչարյանի, թե՛ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ։ Արդյո՞ք ՌԴ-ն փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ի՞նչ պիտի անի գործող իշխանությունը այս ուղղությամբ: Այդ հանդիպումները մեն միակ նպատակ են հետապնդում. ներկայացումն ավելի բնական և համոզիչ դարձնել: Այլապես Մոսկվան մեր անկախությունից ի վեր երբեք խնդիր չի ունեցել, ինչպես Դուք ձևակերպեցիք, Հայաստանի ներքին գործերին միջամտելու: Ռուսաստանի համար չկան Հայաստանի ներքին գործեր, դրանք նա դիտում է որպես հենց իր ներքին գործ և իր ներքին գործերը կարգավորում է այնպես, ինչպես հարկ է համարում՝ ելնելով տարածաշրջանային իր ռազմավարությունից ու մարտավարությունից. պետք է՝ ստեղծում է ուժեղ սատրապություն, պետք է՝ կառավարվող քաոս է սարքում: Խնդիրն այստեղ հնարավորինս անկախանալու մեր տեսլականը, մեր կամքը, մեր ցանկությունը, մեր վճռականությունը, հաշվարկելու մեր կարողությունն է: Ներկա իշխանությունը շատ բան է անում՝ այդ անկախության սահմաններն ընդլայնելու համար, այլ բան է, որ երբեմն դրա համակարգվածությունն է թույլ և արդյունքները՝ փոքր: Դուք ինձանից լավ գիտեք, որ մեր իշխանությունները փրփրում են, երբ որևէ մեկը հանդգնում է ակնարկել, թե ինչ է պետք անել, ուստի երբեք ինձ թույլ չեմ տվել հրապարակային որևէ առաջարկ անել, դիպչել նրանց այդ բարդույթին: Պարզապես երկիրն է ափսոս, այսպիսի երկնառաք հնարավորությունն է ափսոս: