Huawei-ը հետաձգել է Mate X ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը. The Wall Street Journal

Huawei-ը հետաձգել է Mate X ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը. The Wall Street Journal

Huawei չինական ընկերությունը ծալովի էկրանով Mate X սմարթֆոնի վաճառքների մեկնարկը հունիսից հետաձգել է սեպտեմբեր: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ընկերության ավագ փոխնախագահ Վինսենթ Փենգին: «Ընկերությունը Mate X-ի վաճառքը հետաձգում է ծալովի Էկրանի՝ հեռախոսի ամենաբարդ տեխնիկական բաղադրիչի որակը բարելավելու համար»,-ասել է նա հրատարակությանը, նշելով, որ սարքն այժմ համակողմանի թեստավորում է անցնում: Ինչպես նշել են թերթում, Huawei-ը ուշադրություն է դարձրել Samsung ընկերության անհաջող փորձի վրա, որին հարկ եղավ իր Galaxy Fold ճկուն սմարթֆոնի վաճառքների սկիզբը հետաձգել էկրանի հետ կապված խնդիրների պատճառով: Փենգը նշել է, որ վաճառքների հետաձգումը կապված չէ Huawei-ի՝ ԱՄՆ-ում ծագած խնդիրների հետ: ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը մայիսի կեսերին Huawei-ը մտցրել է սև ցուցակ, ինչը փակում է ամերիկյան արտադրողների բաղադրիչներ և տեխնոլոգիաներ գնելու ուղին: Huawei-ին արգելված է գործեր վարել ամերիկյան գործարարության հետ առանց համապատասխան թույլատրագրերի։ Mate X սմարթֆոնը, որն օժանդակում է 5G կապի ստանդարտը, փետրվարի 24-ին ներկայացվել էր Բարսելոնում՝ Համաշխարհային շարժական կոնգրեսում (Mobile World Congress): Դրա օպերատիվ հիշողությունը կազմում է 8 Գբ, իսկ կուտակիչինը՝ 512 Գբ: Սարքը զուգորդում է ինչպես սմարթֆոնի, այնպես էլ պլանշետի գործառույթները: Ծալված վիճակում այն ունի երկու էկրան՝ 6,6 և 6,39 դյույմ անկյունագծով՝ համապատասխանաբար, բացված վիճակում՝ մեկ էկրան, որի անկյունագիծը կազմում է ութ դյույմ։