Տագնապներն ունեն պատճառներ․ ինչ է վեթինգը և ինչու են «աղմկում» նախկին ուժերը

Քանի դեռ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը չի մեկնարկել և վեթինգի ինստիտուտի ներդրման մասին հայտարարությունը դեռևս դեկլարատիվ բնույթ է կրում, այս թեմայի շուրջ սպեկուլյատիվ բնույթի և մոլորության մեջ գցող մեկնաբանությունների պակաս այսօր մեդիադաշտում չկա: «Առաջին լրատվական»-ի հետ այս հույժ կարևոր թեմայի վերաբերյալ փորձագիտական, քաղաքական և իրավական տեսանկյուններից քննարկմանը մասնակցեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և Ազգային անվտանգության միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը: Նախկին իշխանության մաս կազմող որոշ սուբյեկտներ կարծում են, որ վեթինգի ինստիտուտի ներդրման կարիք այսօր չկա, և որ իրենց կողմից մեր դատական համակարգը բարեփոխվել է այնպես, որ կարող է մրցել անգամ եվրոպական դատարանների հետ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արման Բաբաջանյանը նշեց. «Հասկանում եմ այդպիսի դիրքորոշման մոտիվները, այդ մարդիկ կանգնած են այս դատական համակարգի ստեղծման ակունքներում և անձամբ պատասխանատվություն են կրում ստեղծված իրավիճակի համար: Նրանք դեռևս 98-99թթ-ին գործող իշխանության, նախագահի հանձնարարությամբ ձեռնամուխ են եղել դատաիրավական համակարգի բարեփոխումների, որոնք ի վերջո սպասարկել են օրվա քաղաքական իշխանությանը և կցորդն են եղել այդ իշխանության: Իսկ մենք գիտենք, թե ինչ արատավոր ժամանակաշրջան է եղել այդ 20 տարին, քրեաօլիգարխիկ համակարգ և դրան սպասարկող դատական իշխանություն: Եվ բնականաբար երբ հայտարարություններ, անհանգստություններ և տեղին տագնապներ են հնչում դատական իշխանության հետագա անթույլատրելիության վերաբերյալ, հենց այդ շրջանակներն իրենց պատասխանատվության բաժինն են զգում, որովհետև իրենք ուղղակի մեղսակից են դատական համակարգում ստեղծված իրավիճակի համար: Կարծում եմ՝ կան հիմնավոր քաղաքական պատճառներ: Սրանք իրականում քաղաքական հնարավոր գործընթացներին նախապատրաստվելու կոչեր են և նաև ուղերձներ են՝ մի կողմից դատական իշխանությանը՝ չենթարկվել, օրինակ, վեթինգի գործընթացին, որ կարող է գործարկվել օրենքի ընդունումից հետո, մյուս կողմից՝ հրավեր է գործող իշխանությանը՝ իրենց ևս նկատի առնել, գործընթացի ընթացքում մասնակից դարձնել, որպեսզի իրենք ևս ընդհանուր սեղանի շուրջ տեղի ունենան»: «Միայն վեթինգով հնարավոր չէ հասնել ինստիտուցիոնալ խոր փոփոխությունների, անհրաժեշտ է հիմնարար, երկարաժամկետ փոփոխություններ կատարել Հայաստանում»,- ընդգծեց Սոսի Թաթիկյանը՝ հավելելով, որ երկարաժամկետ բարեփոխումները կարող են տևել տարիներ: Կարեն Զադոյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխություններ չանելով՝ բաց ենք թողել մաքուր, վստահելի իշխանություն ունենալու պահը, բայց ժողովրդի իղձը չի կորել, և հիմա նոր պատուհան է բացվել: Մանրամասն՝ տեսանյութում: