Պաշտպանները փորձում են թաղել գործը. Քոչարյանը պետք է կալանավորվի և մեկուսացվի հասարակությունից

Ինչպես գիտեք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվել է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Դատավորը բավարարել է փաստաբանների միջնորդությունները`անհրաժեշտ փաստաթղթերը իրենց տրամադրելու համար։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին։ Այս ֆոնին ուշագրավ դիտարկում է արել գլխավոր դատախազը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մարտի 1-ի գործով մեղադրյալ նախկին նախագահի և մյուսների գործով վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ բողոքները շատ հստակ են և հիմնավորված: Մենք գնահատում ենք, որ կայացված դատական ակտը` լինելով անհիմն և անօրինական, վկայում է գործի քննությունը ձգձգելու մասին»- ասել է Արթուր Դավթյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծաբաններ Մհեր Ղալեչյանը և Աղասի Մարգարյանը: Ի՞նչ է տալիս գործի ձգձգումը: Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ՝ Ժամանակ ձգելով՝ փորձում են Սահմանադրական դատարանից իրենց համար շահեկան որոշում ստանալ, և դրանով իսկ ուղղակի թաղել գործը. «Ստեղծում են, այսպես ասած, պրոցեդուրային ճահիճ, որի մեջ գործը խեղդելով՝ փորձում են ամեն ինչ անել, որ գործը չքննվի: Սա մնում է Քոչարյանի և նրա պաշտպանական կողմի միակ աշխատող մարտավարությունը»: Աղասի Մարգարյանի խոսքով՝ սկսվել էր դատավարությանը փուլը, հրապարակային դատավարություն էր, ամբողջ հասարակությանը ներկայացվելու էին ցուցմունքները մանրամասները. պետք էր դա կանգնեցնել, և այն ինչ տեղի ունեցավ դավադրություն էր՝ հապշտապ կերպով գործը կարճել և ՍԴ ուղարկելը: «Երաշխիք չունենք, որ ՍԴ որոշումը հիմնված կլինի օրենքի և արդարադատության սկզբունքի վրա, և երաշխիք չունենք, որ ՍԴ-ն չի առաջնորդվելու նեղ կլանային կամ քաղաքական ազդեցությունների դաշտում»,-նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս գործը ցույց տվեց, որ առկա են արդարադատության համակարգի հետ կապված լրջագույն խնդիրներ: Մհեր Ղալեչյանի խոսքով՝ իրականում քաղաքական պայքար է գնում. մի կողմում Ռ. Քոչարյանն է և դատական իշխանությունը, մյուս կողմում՝ Փաշինյանի իշխանությունը: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ անհրաժեշտ է, որ Ռ. Քոչարյանը կալանավորվի և մեկուսացվի հասարակությունից: Մանրամասն՝ տեսանյութում: