Թուրքիան ամրապնդվում է Նախիջևանում․ ինչ պլաններ ունեն Անկարան ու Բաքուն

Թուրք-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ լարվածությունը շարունակվում է, թուլացման միտում չի նկատվում: Վաշինգտոնը վերջնագրով է խոսում տարածաշրջանում իր հիմնական դաշնակցի հետ. իսկ առաջնային պատճառներից մեկն էլ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու մտադրությունն է: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է թուրքագետներ Հայկ Գաբրիելյանի և Սոնա Սուքիասյանի հետ: Սոնա Սուքիասյանը չբացառեց, որ Թուրքիան ինչ-որ պահի կարող է առկախել գործարքը Ռուսաստանի հետ․ «Նման նախադեպ եղել է Չինաստանի հետ, երբ տարիներ առաջ Թուրքիան պայմանագիր էր կնքել՝ ցանկանալով գնել ՀՕՊ համակարգեր, բայց հրաժարվեց այդ համակարգերից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճնշման ներքո: Մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ այսօրվա Թուրքիան մի փոքր այլ Թուրքիա է: Էրդողանը գնալով ավելի է կոշտացնում իր քաղաքականությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ գլոբալ առումով: Եթե հաշվի առնենք այս ամենը և այն փաստը, որ Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ և համագործակցում է տարբեր ոլորտներում՝ մի քիչ անհավանական է թվում, որ Անկարան կհրաժարվի S-400 համակարգերից»: Գաբրիելյանն իր հերթին կարծում է, որ Էրդողանը իր կոշտ ազգայնական դիրքորոշումը կպահպանի մինչև Ստամբուլի քաղաքապետի ընտրություններ՝ դեմքը փրկելու համար: «Մյուս կողմից ինձ համար ակնհայտ էր, որ Միացյալ Նահանգները կարող է ցանկացած պահի կասեցնել այդ գործարքը: Տեսանք, որ Թուրքիան մի քանի ամիս առաջ փորձում էր ներխուժել Սիրիա՝ Եփրատ գետի Արևելյան ափ, Թրամփն այդ ժամանակ սպառնաց ավերել թուրքական տնտեսությունը, ինչը Թուրքիայի ամենախոցելի, ԱՄՆ-ի ամենաուժեղ կողմն է»: Անդրադառնալով Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ Գաբրիելյանը չբացառեց, որ Թուրքիան հետագայում կարող է փորձել սրացնել, միլիտարիզացնել իրավիճակը Նախիջևանում և այս շրջանը միացնել իրեն: «Ինձ թվում է՝ թուրքական ռազմական ակտիվացման հեռահար նպատակը դա է. եղբայրական Ադրբեջանի՝ թուրքական ազգային ուխտի մի մասը ևս ընդգրկել Թուրքիայի տարածքում»: Առավել մանրամասն՝ տեսանյութում