Ամերիկյան ընկերությունը պատրաստ է 52 մլն դոլարի դիմաց զբոսաշրջիկների ուղարկել Միջազգային տիեզերակայան

Ամերիկյան ընկերությունը պատրաստ է 52 մլն դոլարի դիմաց զբոսաշրջիկների ուղարկել Միջազգային տիեզերակայան

Bigelow Aerospace ամերիկյան ընկերությունը պատրաստ է մեկ տեղի համար 52 մլն դոլար գնով զբոսաշրջիկների ուղեւորություն կազմակերպել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հունիսի 11-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում: Այդ ծառայությունները տրամադրելու է ֆիրմայի ստորաբաժանումներից մեկը, որը կոչվում է Bigelow Space Operations (BSO): «Սկզբնական փուլում մեկ տեղի համար արժեքը կսահմանվի մոտավորապես 52 մլն դոլարի չափով»,- նշվում է փաստաթղթում: BSO-ի ներկայացուցիչները 2018 թվականի սեպտեմբերին ապագա տիեզերական զբոսաշրջիկների համար տեղեր են ամրագրել SpaceX ընկերության Crew Dragon օդաչուավոր տիեզերանավերում: Ինչպես հետևում Է հայտարարությունից, պայմանավորվածություններ են ձեռք բերվել չորս արձակումների շուրջ: Դրանցից յուրաքանչյուրը թույլ կտա ՄՏԿ ուղարկել չորս մարդու՝ «մեկից մինչև, հնարավոր է, երկու ամիս» ժամկետով»: BSO-ում ճշտել են, որ թռիչքները հնարավոր կլինեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) պաշտոնական թույլտվություն տա Crew Dragon-ն այդ կերպ կիրառելու համար: Ընթացիկ ամսին ավելի վաղ NASA-ն հայտարարել էր ՄՏԿ-ում առևտրային գործունեությունն ընդլայնելու պլանների մասին: Ինչպես նշել է տիեզերական գերատեսչության ֆինանսական վարչության ղեկավար Ջեֆ ԴեՎիթը, 2020 թվականից, մասնավորապես, NASA-ն կայան տիեզերական ճանապարհորդների ուղարկելու հնարավորություն կտրամադրի: ԴեՎիթի խոսքով՝ մեկ «ուղեգրի» արժեքը կկազմի շուրջ 58 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: