Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 3 վիրավորներից հղի կինը հիվանդանոցում մահացել է

Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի 35 VP 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետեւ առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին եւ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու մայրն են։