Իշխող ուժը չպետք է իր պարտականությունը որպես լավություն ներկայացնի ժողովրդին. թող հիշեն, թե ինչու եղավ հեղափոխություն

Իշխող ուժը չպետք է իր պարտականությունը որպես լավություն ներկայացնի ժողովրդին. թող հիշեն, թե ինչու եղավ հեղափոխություն

Աբովյանում իշխող թիմի թեկնածուի պարտությունն ակտիվորեն քննարկվում է համացանցում, քաղաքական-փորձագիտական շրջանակներում։ Որքան էլ վարչապետ Փաշինյանն ու առանձին գործիչներ նշում են, որ սա հեղափոխության, ժողովրդավարության հաղթանակն էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ՀՀԿ ներկայացուցիչը չէր կարող Աբովյանում 48 տոկոս ստանալ՝ ակնհայտ է, որ իշխանությունները այդ նույն հեղափոխությունից ընդամենը մեկ տարի անց ունեն վարկանիշի անկում։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ինչ պատճառաբանություններ էլ ներկայացնեն, փաստ է, որ իշխող քաղաքական թիմը պարտվել է: «Իսկ պարտվել է այն պարզ պատճառով, որ հույսը դրել էր վարչապետի վարկանիշի վրա, և մտածում էին, որ կկրկնեն այն, ինչ եղավ Երևանում և այլ քաղաքներում՝ Էջմիածնում, Արմավիրում, երբ վարչապետը իր բարձր հեղինակությամբ, վարկանիշով կկարողանա լրացնել այն բացը, որն ունի «Իմ քայլի» թեկնածուն, իսկ այդ բացը քաղաքական բովանդակություն չունենալն էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց նա։ Բադալյանի դիտարկմամբ՝ դատարանի շրջափակման գործընթացն արդեն իսկ ցույց է տվել, որ վարչապետի վարկանիշը բարձր չէ, ու այս դեպքում հույսը դրա վրա դնելը ճիշտ չէր. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղափոխական էյֆորիան հանգել է, քաղաքացիներն այլևս պատրաստ չեն կուրորեն քվեարկել այն թեկնածուի օգտին, ում կմատնանշի վարչապետը։ Իհարկե, այստեղ դերակատարություն ունեցավ նաև ԲՀԿ-ի վարկանիշը։ Ինչպես տեսնում ենք՝ այն նորից սկսել է վերականգնվել, քաղաքական դաշտում գործող ուժերից մեկն է, և երբ քաղաքական դաշտում չկան զարգացման օրակարգ առաջարկող ուժեր, մարդիկ վերադառնում են նրան, ինչին սովոր են։ Քաղաքապետին արդեն սովոր էին՝ գիտեին լավ ու վատ կողմերը, իսկ նրա փոխարեն ոչինչ չէր առաջարկվում՝ որևէ բովանդակություն չկար։ Ի դեպ, շատ է քննարկվում նաև մարզպետի դերակատարությունը, բայց նա ոչինչ անել չէր կարող, լավագույն դեպքում կարող էր կազմակերպչական խնդիրներ լուծել, չի կարող լցնել այն անբովանդակությունը, որ այս պահին կա «Իմ քայլը» դաշինքում»։ Ըստ մեր զրուցակցի՝ իշխող թիմը Աբովյանում կատարեց այն նույն սխալը, որ ժամանակին արել են հանրապետականները. «Եթե հիշում եք՝ 2017-ի ԱԺ ընտրությունների կամ, ավելի ճիշտ, միջոցառման ժամանակ ՀՀ նախագահն անձամբ քարոզում էր մականունավոր թեկնածուների օգտին քվեարկել, և փաստորեն կուսակցության ղեկավարը, միաժամանակ ՀՀ նախագահը լիդերից վերածվում էր նրանցից մեկին։ Հիմա նույն այդ սխալը Աբովյանում կատարեց վարչապետը, որը դարձավ քայլողներից մեկը։ Դա հաջողություն բերեց ՀՀԿ-ին, բայց երբ ճգնաժամային իրավիճակ առաջացավ, բոլոր նրանք, ում համար քարոզ էր իրականացվել, հեռացան նրանից»։ Ամփոփելով՝ Արմեն Բադալյանն ընդգծեց. «Վարչապետը կարող է ասել, որ սա ժողովրդավարության հաղթանակն է, բայց մարզպետը բոլորովին այլ բան է ասում. նրա կարծիքով՝ սա արժանապատիվ քաղաքացիների պարտությունն է, այսինքն՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիները, ովքեր քվեարկել են գործող քաղաքապետի օգտին, անարժանապատիվ են, ինչը վիրավորական է հենց քաղաքացիների համար։ Կարելի է նաև այլ պատճառներ բերել, բայց հիմնականում այն է, որ վարչապետը չունի նախկին վարկանիշը, հեղափոխական էյֆորիան ավարտվել է, և ԲՀԿ-ն իր դիրքերն ամրապնդում է, իշխող քաղաքական թիմն էլ քաղաքական բովանդակությունից զուրկ է։ Վարչապետն ասում է, որ ինքն իզմերին դեմ է, բայց եթե դու ուզում ես բովանդակություն տալ քո ուժին, ապա պետք է ինչ-որ իզմ ընտրես»։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իշխանությունները հեղափոխության շնորհիվ են եկել իշխանության, և պատճառն այն էր, որ հասարակությունը դժգոհ էր նախկին համակարգից՝ բեսպրեդելի ու զոռբայության կիրառումից, երբ հասարակությունը չէր հավատում, որ ընտրությունների միջոցով ինչ-որ բան կփոխվի. «Հիմա պարոն Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են որպես լավություն ներկայացնել այն, ինչ իրենք պարտավոր էին իրականացնել հեղափոխությունից հետո, այն է՝ ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Շատ հետաքրքիր է՝ եթե հասարակությունը գոհ ու բավարարված լիներ նախորդ իշխանություններից, ապա հեղափոխություն չէր էլ լինի։ Հիմա հեղափոխության շնորհիվ եկել են իշխանության ու այն, ինչ պարտավոր են անել, ներկայացնում են որպես լավություն, ինչը ճիշտ չէ»։ Համբարյանի դիտարկմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները հպարտանում են արդար ընտրությունների անցկացմամբ. «Արդար ընտրություններ ապահովել են նաև Կապանի ընտրությունների ժամանակ, կապանցիները «ոչ» ասացին պարոն Փաշինյանի թեկնածուին։ Անցել է 6 ամիս՝ նոր պարտություն, ու ասում են՝ դա մեր բերած մշակույթն է, մի փոքր տարօրինակ չէ՞։ Ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք է իրենց այս պարտությունը ներկայացնեն որպես լավություն, որ արել են ժողովրդին, այլ պետք է ավելի օբյեկտիվ լինեն իրենք իրենց հետ ու ապագայում այսպիսի իրավիճակներում չհայտնվեն»։ Քաղաքագետը հավելեց. «Պետք է օբյեկտիվորեն վերլուծեն, թե ինչն էր պատճառը, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ գործող իշխանությունները պարտություն կրեցին։ Եթե առաջ են գնալու «մենք պարտվել ենք, բայց հաղթել ենք» սկզբունքով ու հասարակությանն են իրենց այդ պարտությունը որպես լավություն ներկայացնելու, ապա ոչ մի լավ բան չի ստացվի։ Իրենց պարտությունը որպես պյուռոսյան հաղթանակ են ներկայացնում, ասում են, թե իրենց բերած մշակույթն է, բայց՝ ոչ։ Իրենք դա պարտավոր էին անել, իրենք հեղափոխական իշխանություն էին, իսկ այդ հեղափոխության ամենագլխավոր կարգախոսներից մեկը անպատժելիության մթնոլորտին և կեղծ ընտրություններին վերջ տալն էր»։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի