Ռոբերտ Քոչարյանի կողմից ապօրինի ներգործության փաստ չունենք. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ փաստեր, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի ներգործությամբ ազդել է գործի քննության վրա, չկան:
«Ամբողջ խնդիրը այդ է՝ փաստ են ուզում, իսկ փաստ կա՞՝: Ոչ: Մենք այդ մասին բարձրաձայնում ենք, դա չենք թաքցնում. փաստ, որ ֆիքսվել է կոնկրետ ապօրինի ներգործություն, այսօր չունենք, բայց մենք չենք խոսում եղած փաստի մասին: Քրեադատավարական օրենքը, մեր նախադեպային իրավունքը, եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի»,- ասաց նա: