Սերժ Սարգսյանի հերթը հանձնաժողովում. ինչու են հեռացվել զինվորականները

Սերժ Սարգսյանի հերթը հանձնաժողովում. ինչու են հեռացվել զինվորականները

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ եղած զինվորականները պատրաստակամ են քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի հետ աշխատելու հարցում: Քառօրյայից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց զինված ուժերում կապի և ավտոմատացված կառավարման համակարգի համար պատասխանատուին, ՊՆ նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատուին, հետախուզության ղեկավարին: Ի դեպ, վերջինս՝ գեներալ Արշակ Կարապետյանը, այժմ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է: Ավելին, հեռացնելով նրան իր պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը մի քանի ամիս անց նշանակեց ՌԴ դեսպանատանը ռազմական կցորդ: Փաշինյանը վարչապետ դառնալուց ամիսներ անց վերադարձրեց նրան՝ հայտարարելով, որ պատերազմի մասին գաղտնի նյութերում որևէ բան չի տեսել հետախուզության բացի մասին: Հատկանշական է, որ առայժմ որևէ կերպ հայտնի չէ հանձնաժողովի գործունեության մասին Սերժ Սարգսյանի գնահատականը և հանձնաժողովի հետ աշխատելու հարցում նրա դիրքորոշումը: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, օրինակ, ակնարկեց, թե ինքն իր ուսումնասիրություններն է արել պատերազմից հետո՝ դեռևս նախարար եղած կարգավիճակում, և այն թողել ՊՆ-ում, այսինքն՝ իր ասելիքը այնտեղ է, թող բացեն ու տեսնեն: Հանձնաժողովականները հայտարարել էին, որ հարկ եղած դեպքում կհրավիրվի նաև Սերժ Սարգսյանը: Բայց ի՞նչ է նշանակում հարկ եղած դեպք, երբ խոսքը այդ ժամանակ թիվ մեկ պաշտոնյայի և Գերագույն գլխավոր հրամանատարի մասին է: Թվում է, որ հենց նրան հրավիրելուց հետո արդեն կորոշվի, թե էլ ում է պետք հրավիրել: Մյուս կողմից՝ այստեղ իհարկե աշխատանքի մեթոդաբանության հարց կա, և Սերժ Սարգսյանին հանձնաժողովի հարցերը թերևս պետք է կուտակվեն, հավաքվեն կամ ձևակերպվեն այն պաշտոնյաների հետ զրույցներից, այն պաշտոնյաներին հարցեր տալուց հետո, որոնց Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Եվ այստեղ հետաքրքիր է դառնում թերևս այն, թե արդյոք այդ պաշտոնյաների հետ զրույցներից կամ հարցաքննություններից հետո խորհրդարանական հանձնաժողովը, մինչև Սերժ Սարգսյանին հրավիրելը, էլ ո՞ւմ հրավիրելու և հարցեր տալու անհրաժեշտություն կտեսնի: Խոսքը մարդկանց մասին է, որոնք այդ շրջանում զբաղեցրել են զինվորական և քաղաքական բարձր պաշտոններ, ընդ որում՝ Հայաստանում և Արցախում: Ի դեպ, այդ իմաստով հետաքրքիր է, թե պաշտոնից հեռացված զինվորականները ունեցե՞լ են զրույց Սերժ Սարգսյանի հետ՝ մինչ հեռացվելը: Տրամաբանությունը հուշում է, որ հեռացվելուց առաջ նրանք առնվազն պետք է ստանային պարզաբանումներ տալու հնարավորություն, որովհետև նրանց հեռացնելով՝ Սերժ Սարգսյանը փաստորեն ուղղակի թե անուղղակի նրանց վրա է դրել մարդկային կյանքերի և տարածքային կորստի պատասխանատվությունը: Ըստ այդմ՝ այդ ծանր պատասխանատվությունը նրանց վրա դնելուց առաջ պետք էր տալ պարզաբանումների հնարավորություն: Ի դեպ, հատկանշական է նաև այն, որ նրանց հեռացնելիս հանրությանը չներկայացվեց պատճառների մասին որևէ պաշտոնական բացատրություն, թե որ հարցում են նրանք թերացել: Մյուս կողմից՝ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը խուսափեց «ձևակերպում» տալ նրանց վրա դրվող պատասխանատվությանը: Այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ արդյո՞ք նրանք հեռացվել են ոչ թե պատերազմի համար պատասխանատվության պատճառով, այլ իրական պատասխանատուներին «կոծկելու» և Գերագույն գլխավոր հրամանատարի հարցերին «չպատասխանելու»: