Սխալ է հարցը դիտարկել միայն Մոսկվայի դաշտում․ ո՞ր դեպքում գազի գնի վերանայում կլինի

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին դարձյալ խոսվեց Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հույս հայտնեց, որ Երևանին կհաջողվի ընդհանուր լեզու գտնել Մոսկվայի հետ։ Միաժամանակ, վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ ամառվա ընթացքում գազի գնի թանկացումներ են սպասվում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռևս հստակություն չկա, շարունակում ենք բանակցել ռուսական կողմի հետ, որպեսզի հնարավորինս պայմանավորվածություն լինի ֆիքսված գնի վերաբերյալ։ Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական, տնտեսական զարգացումները, ի՞նչ հավանական զարգացումներ են հնարավոր մոտ ապագայում «Առաջին լրատվական»-ի հարցին «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է գազի գնի շուրջ Փաշինյանի և Պուտինի միջև ընթացող բանակցություններին, ապա, բնականաբար, այս հարցը միշտ էլ օրակարգային է եղել երկկողմ հարաբերություններում։ Երբ մենք վերլուծում ենք Փաշինյան-Պուտին ձևաչափով անցկացված վերջին մի քանի հանդիպումները, ապա միշտ էլ այդ հարցը հանդիպման առանցքում է եղել։ Այս առումով, ես միշտ իրավիճակը քիչ թե շատ օբյեկտիվ գնահատելու համար հիշում եմ Փաշինյան-Պուտին առաջին հանդիպման ժամանակ Պուտինի կողմից արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանը, թերևս, աշխարհում ամենաէժան գնով է ռուսական գազը ձեռք բերում։ Ես կարծում եմ, որ սա հենց այնպես արված հայտարարություն չէր, այլ հայտարարություն էր, որն իր մեջ շատ հստակ մեսիջ էր պարունակում։ Այսինքն՝ անկախ զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններից, այնուամենայնիվ, առկա է որոշակի տնտեսական կոնյունկտուրա, որից ելնելով՝ Ռուսաստանը չի կարող այլևս գնալ գազի գնի իջեցման ուղղությամբ»։ «Որքան էլ մենք չբողոքենք, որ գազի գինը 2018 թվականի դեկտեմբերին բարձրացավ, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է Ռուսաստանից գազ ձեռք բերել արտոնյալ գնով, այսինքն՝ շուկայականից ցածր գնով։ Այսինքն՝ մենք պետք է արձանագրենք, որ թևակոխում ենք մի ժամանակաշրջան, որը կարելի է բնութագրել, որպես ավելի-ավելի թանկացող բնական գազի ժամանակաշրջան»,- հավելեց Վահե Դավթյանը։   Մանրամասները՝ տեսանյութում։