Առանց երկար-բարակ մտածելու. Արմեն Սարգսյանի դեմ գրոհի նոր առիթ

Առանց երկար-բարակ մտածելու. Արմեն Սարգսյանի դեմ գրոհի նոր առիթ

Ներքաղաքական թոհուբոհը Հայաստանում ստվերեց «Մտքերի գագաթնաժողովը», որ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցավ Դիլիջանում: Ֆրանսիայում տեղի ունեցող ամենամյա միջոցառումը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն նախագահ Սարգսյանը ձեռք էր բերել դեռևս ամիսներ առաջ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: «Մտքերի գագաթնաժողովին» մասնակցեցին թե՛ Հայաստանի կառավարող վերնախավը՝ վարչապետի, նախագահի գլխավորությամբ, թե՛ համաշխարհային ինտելեկտուալ շրջանակների տարբեր ներկայացուցիչներ՝ քննարկելով համաշխարհային մասշտաբի հարցեր, որոնք, իհարկե, ուղիղ առնչություն չունեին աշխարհաքաղաքականությանը, բայց, անշուշտ, վերաբերում էին աշխարհակարգային խորքային փոփոխություններին, դրանց ամենատարբեր շերտերին: Հատկանշական է, որ Հայաստանում «Մտքերի գագաթնաժողովի» անցկացումը քննադատության առարկա դարձրին նախկին իշխող համակարգին պատկանող անձինք, շերտեր, խմբեր, անգամ մտավորական: Այստեղ Արմեն Սարգսյանին թիրախավորելու հերթական առիթն էր, քանի որ Սարգսյանն ամեն կերպ խուսափում է կուլ տալ վարչապետի հետ ուղիղ հակադրության մեջ մտնելու խայծերը, որ գցում է նախկին իշխանությանը հարող խմբերի շրջանակը: Սակայն «Մտքերի գագաթնաժողովի» թիրախավորման շարժառիթը այն չէր միայն, որ դա կազմակերպել է Արմեն Սարգսյանը, և առիթ է թիրախավորել նրան, որ չի համաձայնում ներքին կյանքում խաղալ նախկին համակարգի օգտին, այդ համակարգի այս կամ այն խմբի օգտին: Անկասկած է, որ հեղափոխություն եղած չլինելու, իշխանություն փոխված չլինելու դեպքում նույն մարդիկ ուղղակի տիեզերական նշանակություն էին տալու այդ գագաթնաժողովին, եթե անգամ դրանում չհնչեր ոչ մի միտք, և լիներ կատարյալ լռություն: Մյուս կողմից, այստեղ կա նաև հենց մտքի խնդիրը: Գագաթնաժողովը Հայաստանում կամ մատնվեց այսպես ասած՝ լռության, կամ ծառայեց ընդամենը Արմեն Սարգսյանի հետ հաշիվ ունեցող խմբերի համար՝ որպես նրան թիրախավորելու առիթ: Իսկ որպես իրադարձություն, Հայաստանում այն մնաց առավելապես աննկատ, բացառությամբ մի քանի մեդիաանդրադարձի: Խորքային պատճառն այստեղ այն է, որ Միտքը, խոշոր հաշվով, Հայաստանում չունի հանրային լայն պահանջարկ, թեև, կարծես թե, ոչ միայն հեղափոխությունից հետո, այլև դրանից առաջ էլ բավականին տիրաժավորվել է՝ որպես 21-րդ դարի անվտանգության առանցք և զարգացման բազա: Այդուհանդերձ, հանրությունն այդ ամենն ընկալել է և շարունակում է ընկալել իբրև հռչակագիր, իսկ որպես գործ, գործիք, մեխանիզմ, դիտարկել է և դիտարկում է առավելապես բռնությունը կամ դրան բնորոշ գործիքակազմն ու մշակույթը: Այդ իմաստով հատկանշական է, որ «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում տեղի էր ունենում զուգահեռ այն «դիսկուրսին», որ ծագել էր ներքաղաքական զարգացումների բերումով՝ բռնության շուրջ քննարկումներին, բռնությանը հակազդելու անհրաժեշտության շուրջ բանավեճերին: Դրանք, անկասկած, հույժ կարևոր քննարկումներ են, և նույնիսկ ուշացած, ընդ որում՝ ոչ ամբողջական, բայց, մեծ հաշվով, ի՞նչ է բռնությունը, եթե ոչ մտքի դեֆիցիտի հետևանք: Եվ ուրեմն, բռնությանը պետք է հակազդել օրենքով, բայց բռնությունը խորքային առումով պետք է կանխարգելել մտքով: Մտքով, բայց ոչ իբրև հռչակագիր, այլ մտքով, որն ուղեկցվում է նաև մարդկային մտքի արգասիք այնպիսի մեխանիզմների ստեղծմամբ, ներդրմամբ և գործարկմամբ, որոնք թույլ են տալիս ապահովել մտքի արդեն պրակտիկ գեներացիա և մտքի բազմաֆունկցիոնալ «մշակութայնացում», Միտքը էկզոտիկայից հանրային համակեցության նորմի վերածում: «Մտքերի գագաթնաժողովը», անշուշտ, կարևոր, միաժամանակ հատկանշական ու խորհրդանշական ֆոնային դրվագ է այդ խնդրում, որը, սակայն, կատարեց նաև ինդիկատորի դեր՝ չափելով մտքի պահանջարկվածությունը Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում իբրև կատեգորիա: Ի վերջո, նախագահի և վարչապետի ելույթներից բացի, «Մտքերի գագաթնաժողովի» այլ ներքին և արտաքին ելույթ հիշե՞ց հանրությունը, իսկ մասնակից որևէ մեկը փորձե՞ց այդ միջոցառումը դարձնել հանրությանը մասշտաբային միտք փոխանցելու հնարավորություն: Մինչդեռ, միտքը ինքնին ենթադրում է մասշտաբ: Ի դեպ, կային կարծիքներ, տարակուսելի, թե գագաթնաժողովի օրակարգը ներքին հարցերին չէր վերաբերում: Միտքը չի կարող վերաբերել ներքին ու արտաքին հարցերի, միտքը հենց դրանով է միտք, որ ամբողջական է՝ ընդգրկում է համաշխարհային մասշտաբը, որովհետև մենք չենք կարող մեր ներսում որևէ բան կառուցել կոնցեպտուալ հեռանկարով, եթե չենք կարողանում պատկերացնել մեր տեղը համաշխարհային կառուցվածքում: Իսկ դրա համար մենք պետք է մտածենք համաշխարհային մասշտաբով, որ կարողանանք առավելագույն արդյունավետությամբ լուծել մեր տեղական մասշտաբի խնդիրները: