Նոր Հայաստանում՝ հների ցուցումով մեղադրյալ. Անդրիաս Ղուկասյանը դեռ մեղադրվում է Սարի թաղի գործով

Նոր Հայաստանում՝ հների ցուցումով մեղադրյալ. Անդրիաս Ղուկասյանը դեռ մեղադրվում է Սարի թաղի գործով

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստերը շարունակվում են առ այսօր։ Տևական ժամանակ անազատության մեջ մնալուց հետո փոխվել է միայն Ղուկասյանի խափանման միջոցը, իսկ կարգավիճակը մնում է նույնը՝ չնայած Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրանից բխող բոլոր անհրաժեշտ փոփոխություններին։ Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Պաշտպանական կողմը միջնորդել է, որ դատարանում հարցաքննվեն իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը, նաև այդ օրը դեպքի վայրում իրադարձությունները լուսաբանող լրագրողները։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ նորմալ չէ, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրյալի կարգավիճակում է. «Անկեղծ ասած, ես չգիտեի, որ դեռևս կա նախկին իշխանությունների կողմից կեղծ հիմքերով հարուցված քրեական գործ, որը դատաքննության փուլում է։ Անընդունելի եմ համարում, որ Անդրիաս Ղուկասյանը դեռևս ունի մեղադրյալի կարգավիճակ։ Տարօրինակ է, որ Ղուկասյանը անձամբ իր ձայնը չի բարձրացնում, գուցե սպասում է, որ իշխանություններն այդ հարցը կարգավորեն։ Հեղափոխությունից այսքան ժամանակ անց նման պատկեր ունենալն անընդունելի եմ համարում»։ Ալեքսանյանն ընդգծեց. «Պետք է շուտափույթ հարցը կարգավորել ու Անդրիասին այդ կարգավիճակից դուրս բերել»։ Միևնույն ժամանակ, իրավապաշտպանը չի կարծում, թե իշխանությունների աչքաթողությունը միտումնավոր է արվում. «Ըստ իս՝ Անդրիասը պարզապես շատ չի բարձրաձայնել իր հարցի մասին, ինքս էլ շատ չեմ լսել... նա ավելի շուտ անուշադրության զոհ է դարձել։ Ես դիտավորության վարկածը գրեթե բացառում եմ։ Բայց ամեն դեպքում, արժեր, որ իշխանությունները ուշադիր լինեին այն մարդկանց նկատմամբ, որոնք հանիրավի դատապարտվել են և կամ առ այսօր ունեն մեղադրյալի կարգավիճակ»։ Սարի թաղի իրադարձությունները լուսաբանող «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանն արդեն իսկ վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել դատարանում և պատմել, որ այդ օրը Անդրիաս Ղուկասյանին տեսել է Ազատության հրապարակում քաղաքական հավաքի ժամանակ, մանրամասնությամբ չի հիշում ընդդիմադիր գործչի ելույթը։ «Այն պահին, երբ Եղիշե Պետրոսյանը հավաքի մասնակիցներին հայտնեց երթի մասին, Անդրիաս Ղուկասյանը նրան հուշող խոսք ուղղեց՝ քաղաքացիներին ասա, որ երթը լինելու է խաղաղ»,- իր ցուցմունքի այս դրվագը մեզ պատմեց Ռոբերտ Անանյանը և նշեց, որ դա ֆիքսել է նաև հեռուստաընկերության տեսախցիկը։ Անդրիաս Ղուկասյանին Սարի թաղում լրագրողը տեսել է, լսել է նրա ձայնը, երբ կոչ էր անում քաղաքացիներին խաղաղ հավաք անցկացնել։ Եվ, փաստորեն, չնայած լրագրողների, իրավապաշտպանների հայտարարություններին, տեսախցիկներում ֆիքսված կադրերին մեղադրյալի կարգավիճակում առ այսօր գտնվում է մի մարդ, ով այդ օրվա հայտնի իրադարձությունների ժամանակ հանդես է եկել ընդամենը խաղաղեցնող և բռնությունը բացառող կոչերով։