Ինչու է լռում «Արսենալը». Հայտնի է, թե երբ կհայտարարվի Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու որոշման մասին

Ինչու է լռում «Արսենալը». Հայտնի է, թե երբ կհայտարարվի Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու որոշման մասին

Լոնդոնի «Արսենալը» դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի մասնակցության վերաբերյալ: Ավելի վաղ նշվում էր, որ «Արսենալի» ղեկավարությունը սպասում է, որ Ադրբեջանի կառավարության կողմից պաշտոնապես ներկայացվեն Մխիթարյանի անվտանգության երաշխիքներ: Միայն դրանից հետո լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշում կկայացնի Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու վերաբերյալ: «Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպմանը՝ չնայած երկրների միջև լարվածությանը: Ադրբեջանում կայացել են մեծ սպորտային իրադարձություններ, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտն ու քաղաքականությունը տարանջատված են միմյանցից»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան: Սպասվում էր, որ այս հայտարարությունից հետո «Արսենալը» վերջապես կհայտնի իր դիրքորոշումը, բայց… Բրիտանական Standart պարբերականի տեղեկություններով՝ «Արսենալը» Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու վերաբերյալ հայտարարություն կտարածի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում: Բանն այն է, որ լոնդոնյան ակումբը ՈՒԵՖԱ-ից հայ ֆուտբոլիստի հաշվով դեռևս պաշտոնական որևէ գրություն չի ստացել: «Մեր ֆուտբոլիստների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունի: Մենք ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ ենք պահանջում, որ Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը կապահովվի, եթե նա Եվրոպա լիգային մասնակցելու նպատակով մեկնի Բաքու»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ: Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» Մխիթարյանի վիզա ստանալու, ինչպես նաև անվտանգության առումով ՈՒԵՖԱ-ից փաստաթուղթ կստանա առաջիկա 24 ժամվա ընթացքում: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալը» հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»: Կասկածից վեր է, որ ՈՒԵՖԱ-ի միջնորդությամբ վիզա ստանալու և այլ փաստաթղթային գործընթացների ընթացքում խնդիրներ չեն ծագի: Standart-ի տեղեկություններով՝ Բաքվում բացի արտագնա հանդիպումներին «Արսենալին» հսկող անվտանգության աշխատակիցներից՝ լինելու են նաև բազմաթիվ այլ անձինք, որոնք հսկելու են ֆուտբոլիստներին: Մասնավորապես, լոնդոնյան ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել անվտանգությունն ապահովող ևս երկու ընկերությունների հետ: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա հայ ֆուտբոլիստին, բացի թիմի հետ Բաքու մեկնած անվտանգության աշխատակիցներից, կցված են լինելու Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ մարզիկի ժամանումն այս երկրում հատուկ իրադարձություն է ազգային անվտանգության ծառայության համար: Ադրբեջանական մամուլը գրում է, որ իրենք բազմիցս են ցույց տվել, որ կարող են պատշաճ կերպով ապահովել հայ մարզիկների անվտանգությունը: Այն, որ «Արսենալի» մարզչական շտաբը ցանկանում է, որ Մխիթարյանը մեկնի Բաքու՝ փաստ է: Օրեր առաջ այս խնդրի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Ինչ խոսք, դա քաղաքական հարց է, բայց ես լավ չգիտեմ, թե խնդիրն ինչի մասին է: Մենք ցանկանում ենք Բաքու մեկնել Մխիթարյանի հետ: Այսօր նա շատ լավ աշխատեց, և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի նրա հետ խաղանք Բաքվում: Ես չգիտեմ քաղաքական խնդրի հնարավոր լուծումը: Իսկապես, ես տեղյակ չեմ՝ ինչն է երկու երկրների հակամարտության պատճառը, բայց մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Մխիթարյանի հետ լինենք այնտեղ: Հարցը մարզական չէ, և լուծումն իմ ձեռքերում չէ: Ես չգիտեմ, թե ինչպես պետք է այն լուծվի»,- Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրի «Բարնլիի» հետ հանդիպումից հետո ասել էր իսպանացի մասնագետը: Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը կարևորագույն իրադարձություն է հայ ֆուտբոլիստի կարիերայում: 2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա արդեն նվաճել է հեղինակավոր մրցաշարի գավաթը՝ եզրափակիչ մրցավեճում դառնալով նաև գոլի հեղինակ: Երկու տարի անց արդեն անգլիական մեկ այլ թիմի կազմում Եվրոպա լիգայի գավաթը նվաճելը իսկապես բացառիկ ցուցանիշ կլինի Մխիթարյանի համար: Հաշվի առնելով նման մակարդակի հանդիպումներին Մխիթարյանի մասնակցելու փորձը՝ հավանականությունը մեծ է, որ Էմերին նրան «Չելսիի» դեմ մրցավեճում կընդգրկի հիմնական կազմում: