«Վարչապետի վարկանիշն իրականում նվազել է մոտ 20 տոկոսով. Աշխատաոճն ու վարկանիշը տարբեր բաներ են»

«Վարչապետի վարկանիշն իրականում նվազել է մոտ 20 տոկոսով. Աշխատաոճն ու վարկանիշը տարբեր բաներ են»

Gallup International միջազգային ասոցիացիայի հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների ավելի քան 84%-ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատաոճը պաշտոնավարման առաջին տարում: «Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի աշխատելու ոճը լիովին դրական է գնահատել հարցման մասնակիցների 29,9%-ը, ավելի շուտ դրական՝ 54,3%-ը: Հետևաբար, ընդհանուր առմամբ, դրական գնահատական է տվել հարցման մասնակիցների 84,2%-ը»,- ասել է լրագրողներին ՀՀ-ում Gallup International-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Բնակչության վերաբերմունքը Փաշինյանի գործունեությանը 2018-ի համեմատ «մի փոքր սառել է»: «Ընդամենը 6 ամսում վարչապետի աշխատանքը դրական գնահատող մարդկանց քանակը նվազել է 10%-ով: Դա կապված է էյֆորիայի նվազման և իրականությանն առավել ռացիոնալ մոտեցման հետ»,- ասել էր Նավասարդյանը: https://www.panorama.am/news_images/623/1866933_1/166_6345.thumb.jpg Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ վարչապետի աշխատաոճն իրապես շատ բարձր է։ Նա շատ բաց է, թափանցիկ, հաշվետու, 5-ժամանոց ասուլիսներ է կազմակերպում, քայլում է քաղաքում, զրուցում մարդկանց հետ: «Աշխատաոճը իրապես շատ է փոխվել, որը դրական է և հնարավոր չէր չնկատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։ Սոցիոլոգի խոսքով, սակայն, աշխատաոճն ու վարկանիշը շատ տարբեր են և այնքան էլ փոխկապակցված չեն։ «Ինչ վերաբերում է վարկանիշին, ապա այստեղ անկում ունենք։ Չենք կարող ասել, որ վարչապետի վարկանիշը նույնն է, ինչ մեկ տարի առաջ կամ խորհրդարանական ընտրություններից հետո։ Իսկ անկումը գրանցվել է, քանի որ սպասելիքները շատ բարձր էին, շատ բարձր նշաձողեր էին դրված, բայց իրական կյանքում փոփոխությունները շոշափելի չեն։ Ամեն մարդ իր առօրյա կյանքում փոփոխություն չի զգում։ Եթե անգամ փոփոխություն էլ կա, ապա մարդիկ դա դեռ չեն զգում իրենց կյանքում։ Հետևաբար ես կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մոտ 20 տոկոսով անկում է գրանցել։ Սա ավելի ռեալ պատկեր է»,- նկատեց սոցիոլոգը՝ հավելելով, որ այս անկումը հետհեղափոխական իրավիճակում բնական էր: «Չեմ ուզում ասել, որ դա նորմալ երևույթ է, բայց ակնկալվում էր, որ նման բան կլինի, քանի որ նախ՝ հետհեղափոխական իրավիճակում միշտ է այդպես լինում, դժվարություններ են առաջ գալիս, և հետո շատ բարձր խոստումներ էին տրվել, իսկ իրականում շատ քիչ բան փոխվեց։ Էլ չեմ ասում, որ բացասական բաներ էլ են եղել՝ գնաճ է արձանագրվել, աշխատավարձերի մեծ փոփոխություններ չեն եղել և այլն։ Խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստացել՝ անգամ այն խնդիրները, որոնք առաջնահերթություն էին վարչապետի կողմից։ Հետևաբար սպասելի էր վարկանիշի անկումը։ Մարդիկ ուզում են տեսնել իրական փոփոխություններ»,- ասաց Գևորգ Պողոսյանը։ Սոցիոլոգի կանխատեսած՝ վարչապետի վարկանիշի 20 տոկոս անկումը, նրա խոսքով, փաստարկված է, հիմնված է տարբեր աղբյուրների վրա: «Այս պահին մենք էլ ենք ուսումնասիրություն անում և ամենաուշը հունիսի 10-ին բոլոր արդյունքները անպայման կհրապարակենք, ու կտեսնեք իմ ասածը»,- եզրափակեց Գևորգ Պողոսյանը։