Աբովյանում 34-ամյա տղամարդ է դանակահարվել․ կասկածյալը ձերբակալվել է

Աբովյանում 34-ամյա տղամարդ է դանակահարվել․ կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 34-ամյա տղամարդու դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:45-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի՝ 1984 թվականին ծնված բնակիչը և հայտնել, որ իրեն դանակահարել են: Դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 14-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 34-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1986 թվականին. վերջինս ձերբակալվել է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատահետաքաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: