Քոչարյանական թիմն անցել է բողոքների օջախների կապիտալիզացիային. Ինչ խնդիր պետք է լուծի իշխանությունը

Քոչարյանական թիմն անցել է բողոքների օջախների կապիտալիզացիային. Ինչ խնդիր պետք է լուծի իշխանությունը

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում մի քանի օր է՝ բավական լարված է։ Սողանքի գոտում գտնվող բնակիչներն անգամ ճանապարհ էին փակել՝ պահանջելով լուծում տալ սողանքային գոտու բնակիչներին փոխհատուցում տալու խնդրին։ Նշենք, որ խոսքը մոտ 106 բնակելի տան մասին է։ Ողջաբերդ գյուղի բնակիչները երեկ բացել էին գյուղի գլխավոր ճանապարհը, քանի որ նրանց հետ բանակցելու էր գնացել փոխմարզպետը և նշել, որ մարզպետը վթարային տների վերաբերյալ փաթեթն ուղարկել է կառավարություն, իսկ Քաղաքաշինության կոմիտեից Ողջաբերդի համայնքի ղեկավարից պահանջել էին կոնկրետ ցուցակ տների հետ կապված, որն էլ ուղարկվել է արդեն։ Նշենք, սակայն, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ խնդրին բոլոր գերատեսչությունները ծանոթ են, բայց ընթացիկ տարվա պետբյուջեով այս խնդրի համար փոխհատուցման գումարներ նախատեսված չեն, բայց միջոցներ լինելուն պես պետբյուջեով կամ ֆինանսական այլ աղբյուրներով հնարավոր կլինի փոխհատուցում ապահովել։ Մարզպետը մեզ հետ զրույցում ասաց, որ խնդրի հետ կապված ինքն անձամբ է համայնքի բնակիչների ու համայնքի ղեկավարին ընդունել իր մոտ, լսել խնդիրը ու ներկայացրել նրանց առկա իրավիճակը։ Առաջիկայում ևս փորձաքննոթյուններ կսկսվեն համայնքում, և առաջիկայում այդ 106 ընտանիքների կարգավիճակները պաշտոնապես կսահմանվեն, և պարզ կլինի, թե որ ընտանիքին ինչ չափով է պետք փոխհատուցել, որից հետո էլ պարզ կլինի նաև փոխհատուցման չափը և գումարի խողովակները: «Միայն այս գործընթացներից հետո հնարավոր կլինի ողջաբերդցիներին ասել, թե իրենց խնդիրը երբ կլուծվի, ինչ միջոցներով»,- ասաց մարզպետը։ Մարզպետը գյուղացիների հետ կապված այս խնդրով սկսել է զբաղվել դեռ ամիսներ առաջ, բայց երեկ հանկարծակիի է եկել, երբ տեսել է, որ ողջաբերդցիները ճանապարհ են փակել։ Հետևաբար մարզպետը կարծում է, որ այս ակցիաները պատահական չեն։ «Հեռակա իմանալով ակցիայի որոշ մասնակիցներին, նրանց քաղաքական հայացքները՝ ես, այո, հակված եմ մտածելու, որ սա կոնկրետ սաբոտաժ է՝ պայմանավորված ներքաղաքական իրավիճակով՝ Քոչարյանի դատավարությամբ։ Մարզում մենք նմանատիպ մի քանի փոքրիկ բողոքի օջախներ ունենք, որոնք վերջին երկու օրերին հանկարծակի ակտիվացել են։ Եվ սա այն դեպքում, երբ խնդիրն արդեն տարվել է կառավարության օրակարգ։ Ի՞նչ հարկ կա այդ դեպքում ճանապարհ փակելու։ Հետևաբար կարծում եմ, որ ամբողջ նպատակը համապետական քաոտիկ վիճակ ստեղծելն է։ Գուցե սխալվում եմ, բայց հակված եմ այդպես մտածելու»,- ասաց մարզպետը։ Ողջաբերդի համայնքապետ Նորայր Մելքոնյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հանկարծակիի է եկել երեկվա ակցիայից։ Լինելով համայնքի ղեկավարը՝ ինքը միայն աղմուկից է հասկացել, որ բողոքի ակցիա է, ճանապարհ են փակել։ «Գիտեք ինչ կա, տպավորությունն այդ կերպ է, որ ինչ-որ բան կար, բայց չեմ կարծում, որ դա սաբոտաժ էր, կամ Քոչարյանի դատն էր պատճառը, կամ այլ խնդիր։ Ինձ համար էլ էր տարօրինակ, որ հանկարծակի դուրս եկան ու ճանապարհ փակեցին։ Ես գյուղի գյուղապետն եմ, բայց ինձ էլ չէին ասել, որ նման բան են պատրաստվում անել։ Ես ցուցակները արդեն պատրաստել էի քաղշին ուղարկելու համար, մեկ էլ լսեցի, որ ճանապարհ են փակել»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով. «Ես չեմ կարող ասել, որ սաբոտաժ են արել, բայց ինձ համար էլ էր անակնկալ»։ Մեր հարցին՝ ճանաչո՞ւմ է այդ բողոքի ակցիային դուրս եկածներին, գիտի՞ նրանց քաղաքական հայացքները, համայնքապետը պատասխանեց. «Չգիտեմ, ես իրենց հետ չեմ շփվում, բայց դրանք միշտ ակտիվիստ են եղել, պարզապես չեմ կարող ասել, որ Քոչարյանի կամ մեկ ուրիշի համար են արել։ Հիմա մեզ խոսք են տվել, որ էլ ակցիա չեն անի՝ մինչև հունիսի 20-ը։ Մարզպետը կգա, գործընթացների վերաբերյալ կտեղեկացնի։ Դիմել են կառավարությանը, տեսնենք՝ ինչ կլինի։ Քաղաքագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ եթե որևէ համայնքի բնակիչ իր խնդիրն է բարձրացնում, ապա պետք չէ դա անմիջականորեն կապել Քոչարյանի ակտիվության հետ, բայց այդ ֆակտորը բացառել էլ պետք չէ, քանի որ այս պահին քոչարյանական թիմին ձեռնտու է այն ամենը, ինչ կարող է նպաստել ազդելու իշխանության վարկանիշի անկման վրա: «Դա շատ հավանական է, քանի որ քոչարյանական թիմը, թևը գնալով հավակնում է դառնալ գործող իշխանության միակ մրցակիցը։ Նրանց էլ ձեռնտու է, որ բողոքի նման օջախներ լինեն, խնդիրներ լինեն։ ՀՀ ողջ տարածքում իշխանության հետ կապված ցանկացած խնդիր ձեռնտու է երկրորդ նախագահին՝ ոչ նրա համար, որ դրանից իրենց վարկանիշը բարձրանալու է, այլ որ դրանով, թեկուզ փոքրիկ բողոքով, կաթիլ առ կաթիլ իջեցնում են գործող իշխանության վարկանիշը։ Հետագայում դա կարող է կապիտալիզացվել և օգտագործվել երկրորդ նախագահի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Քաղաքագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի միակ լուծումն այն է, որ նույն մարզպետը, գյուղապետը, կառավարությունը լուծում տան այն բոլոր խնդիրներին, որոնց պատճառով բողոքի օջախներ են առաջանում: «Եթե խնդիրները լուծում ստանան, ապա կվերանա նաև սաբոտաժի հավանականությունը։ Բայց գործող իշխանության մոտ միտում է նկատվում, որ երբ մի հարց չեն կարողանում լուծել, վերագրում են սաբոտաժին, հակահեղափոխությանը, երկրորդ նախագահին»,- ընդգծեց Բադալյանը։