Հայաստանն ընտրություն չունի. պատ կամ չինական ճեղքում

Հայաստանն ընտրություն չունի. պատ կամ չինական ճեղքում

Հայաստանի ներքին կյանքում մի շարք իրադարձությունների և թեմաների դինամիկ ծավալումը ուշադրությունից դուրս թողեց վարչապետ Փաշինյանի այցը Չինաստան, որտեղ նա մասնակցում էր Ասիական քաղաքակրթությունների երկխոսության թեմայով համոժողովին, իսկ այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ ունեցավ նաև Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Խոսել ժամանակակից աշխարհում Չինաստանի կարևորության մասին՝ նշանակում է չխոսել ոչինչ: Ըստ այդմ ավելորդ է մեկնաբանել, թե որքան կարևոր է չինական ուղղությունը որպես արտաքին քաղաքական ուղղություն ընդհանրապես, և որպես Հայաստանի արտաքին քաղաքական, տնտեսական և ընդհուպ անվտանգային ուղղություն՝ մասնավորապես: Այդ իմաստով, հայ-չինական շփումները, ընդհուպ՝ բարձր մակարդակի, ամենևին նոր չեն, սակայն Փաշինյանի այցը Չինաստան առաջինն է թավշյա հեղափոխությունից հետո և, փաստորեն, տեղի ունեցավ հեղափոխությունից մեկ տարի անց: Էականը, սակայն, այն է, թե այդ շփումից քանի ամիս կամ տարի անց պետք է լինենք դրա արդյունքների ականատեսը, շոշափենք այդ շփման էֆեկտը: Անշուշտ, պետք է հեռու լինել մանկամիտ պատրանքից, թե միջպետական հարաբերություններում, այն էլ՝ ուժային հզոր կենտրոնների հետ, մեկ կամ մի քանի հանդիպումները կարող են բերել շատ կոնկրետ արդյունքների: Մյուս կողմից՝ Հայաստանը նոր է իշխանությամբ, միջազգային վարկանիշով, հեղինակությամբ, սակայն կա ուժային տարբեր կենտրոնների, այդ թվում՝ Պեկինի հետ հարաբերության պատմություն: Պատմություն, որի ընթացքում, իհարկե, ամենևին անկարևոր թեմաներ չէ, որ շոշափվել են, իսկ վերջին՝ 2015 թվականի բարձր մակարդակի այցի ընթացքում Սերժ Սարգսյանն ու Չինաստանի նախագահ Սի Ցինպինը ստորագրել են մի հուշագիր, որի բովանդակությանը ծանոթացողը կարող է կարծել, որ խոսքը պարզապես այն մասին է, որ Հայաստանը լավ իմաստով անցնում է Պեկինի խնամակալության ներքո: Իհարկե հասկանալի է, որ միջպետական հարաբերությունում Հայաստանը չպետք է լինի որևէ խնամակալության ներքո, սակայն տվյալ պարագայում խոսքը փոխաբերական իմաստի մասին է, որով փորձում ենք արտահայտել հարցերի և գործակցության ուղիների, ոլորտների այն լայն, գրեթե բացարձակ ընդգրկուն շրջանակը, որի շուրջ պայմանավորվել էին Հայաստանն ու Չինաստանը այդ հուշագրով: Սակայն երբ դիտարկում ենք պրակտիկ իրականությունը, ապա ամենախոսուն հանգամանքը թերևս այն է, որ Պեկինը Երևանում կառուցում է եվրասիական տարածաշրջանում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունը՝ Մոսկվայից հետո: Սա, անշուշտ, խոսուն փաստ է, սակայն փաստ, որը վկայում է Չինաստանի հայացքում Հայաստանի կարևորության, ոչ թե հայ-չինական հարաբերության բովանդակության մասին: Մինչդեռ Չինաստանը ներկայումս աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկն է, հատկապես ենթակառուցվածքային ոլորտներում: Այդ իմաստով հատկանշական է, որ Չինաստան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում թե՛ Չինաստանի նախագահը, թե՛ վարչապետը հայտնել են այդ ոլորտներում Հայաստանի հետ գործակցելու, մասնավորապես Հյուսիս-հարավում և այլ տրանսպորտային նախագծերում ներգրավվելու պատրաստակամություն: Այդ ամենը լսել ենք նաև նախկինում, ըստ այդմ՝ արդեն տեսնելու ժամանակն է: Եվ հետևաբար, այն, ինչ լսում ենք այդ առումով վարչապետ Փաշինյանի այցի ընթացքում, անշուշտ, լինելով ոգևորիչ, այդուհանդերձ, ավելի սրում է տեսնելու ցանկությունը, շոշափելու՝ թեկուզ որպես մեկնարկային նախաձեռնություններ: Ի վերջո, դա պետք է լինի նոր և հին Հայաստանների տարբերությունը՝ խոսքից գործը, ոչ միայն կառավարության ներքին քաղաքականության ասպարեզում, այլ նաև արտաքին ուղղություններով գործակցության: Միաժամանակ հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է բարդ ռեգիոնում, և առավել ևս բարդ աշխարհում՝ արագ արդյունքի համար: Ի վերջո, այստեղ էական նշանակություն է ունենալու այն, թե Հայաստանն ինչպե՞ս է համադրելու հարցերը իրարամերժ կենտրոնների հետ՝ Վաշինգտոն, Մոսկվա, Թեհրան, որոնք ամենևին ոգևորված չեն լինելու Չինաստանի ռեգիոնալ դերի աճով: Իսկ Պեկինին Հայաստանը կարող է տնտեսա-քաղաքական և անվտանգային գրավչություն ներկայացնել հենց ռեգիոնալ ազդեցության համատեքստում, որտեղ առավել շեշտադրված կարող է լինել ռազմա-քաղաքական, քան տնտեսական բաղադչիչը: Տնտեսական բաղադիչով Պեկինը շեշտադրված է Վրաստանում, և արդեն՝ վաղուց: Ըստ այդմ, այստեղ, անշուշտ, մանևրի բավականին բարդ խնդիրներ կան: Մյուս կողմից՝ դրանք ամենևին նոր չեն, դրանք մեր դարավոր պատմության ուղեկիցներն են, պարզապես փոխվում են այն ուժային կենտրոնների անունները, որոնց հետ մենք պետք է կարողանանք համադրել նրանցից յուրաքանչյուրի մասով կարևոր մեր շահերը՝ նրանց իրարամերժության ռեժիմի պայմաններում: Մենք նոր տարածաշրջան չենք գնալու, և միակ նորը հետհեղափոխական Հայաստանն է, որն անկասկած տվել է բարդ իրավիճակում նոր գործիքների հնարավորություն, որն օգտագործելու հարցում, անկասկած, պատասխանատվությունը պետք է լինի ոչ միայն կառավարող մեծամասնության, այլ նաև քաղաքական մնացյալ սեգմենտների և սուբյեկտների վրա, բնականաբար, պատասխանատվության համարժեք չափով: Ի վերջո, մենք վաղուց այն ռեժիմում ենք, որ ներկայիս հաջողություններն ու անցյալի բացերը փակելը բոլորի համար է քաղաքական կյանքի ու մահվան հարց, եթե խոսքը անցյալի քաղաքական «դիակների» մասին չէ: