ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է՝ Մնացականյանը խոսել է արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում է՝ Մնացականյանը խոսել է արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին մեկնաբանությունը լրագրողների հետ զրույցում հայ-ադրբեջանական սպասվող հանդիպման մասին տարընթերցվել է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հստակեցնում է, որ խոսքը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, այլ արտգործնախարարների մակարդակով առաջիկա հնարավոր հանդիպման մասին է։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին Բրյուսելում ճեպազրույց էր տվել մի քանի լրատվամիջոցների՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասելով, որ ակնկալվում է հանդիպում Վաշինգտոնում, բայց նախ որոշ հարցեր պիտի հստակեցվեն, մասնավորապես՝ հյուրընկալող կողմը պետք է ներկայացնի հանդիպման պայմանները, որոնք պիտի քննարկվեն, համաձայնեցվեն, և դրանից հետո միայն պաշտոնապես կհայտարարվի հանդիպման ժամն ու վայրը։ «Մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար, հանդիպման համար, և հյուրընկալող կողմը պետք է ասի, ինչպես է հնարավոր, երբ է հարմար, որպեսզի մենք նույնպես կարողանանք գնահատել այդ ժամկետները, այսինքն՝ համաձայնել։ Սկզբունքորեն մենք որևէ խնդիր չունենք... Ակնկալվում է։ Բայց սխալ կլինի որևէ բան ասել։ Նորից եմ կրկնում՝ հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ»,- ասել էր նախարարը։ Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ սխալ էին ընկալել արտգործնախարարի այս խոսքերը՝ եզրակացնելով, թե առաջիկայում Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բայց արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին է։ «Ինչպես գիտեք՝ համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում։ Եվ նախարարի կողմից ճեպազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել հենց այդ հանդիպման հնարավորությանը»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Իրականում դեռ մի քանի շաբաթ առաջ էր հայտնի դարձել այն, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի նախաձեռնությամբ, և այս տեղեկության աղբյուրը Ադրբեջանի արտգործնախարարն էր։ Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից շատ չանցած Մամեդյարովը հայտարարեց, թե հիմա էլ Միացյալ Նահանգներից են իրեն և իր հայաստանցի գործընկերոջը հրավիրել հանդիպման Վաշինգտոնում, ուր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր անձնական ջանքերը կգործադրի ղարաբաղյան հակամարտության գործում «ճեղքում» ապահովելու համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էլ, իր տված մեկնաբանությամբ չհերքելով նման հանդիպման հնարավորությունը, միաժամանակ կոչ էր արել ադրբեջանական կողմին՝ չխախտել դիվանագիտական էթիկայի նորմերը և ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից, քանի որ ըստ ընդունված պրակտիկայի՝ նմանատիպ հանդիպումների մասին սովորաբար հայտարարվում է համաձայնեցված կարգով։ «Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում տեղի ունենալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»,- ասել էր Աննա Նաղդալյանը։ Մամեդյարովը, ի դեպ, նախորդ անգամ էլ էր նույն ոճով գործել՝ շտապելով ազդարարել Մոսկվայում Լավրովի նախաձեռնությամբ տեղի ունենալիք բանակցությունների մասին։