Երկու ընկերություն՝ Արցախից. ինչ է փնտրվում Ստեփանակերտից Երևան

Երկու ընկերություն՝ Արցախից. ինչ է փնտրվում Ստեփանակերտից Երևան

Այդպիսի փոխայցելությունները նպաստում են թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերություններին՝ Երևանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա գլխավորած պատվիրակությունը Երևանում է, որտեղ ԱԺ նախագահի հետ հանդիպումից բացի՝ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի խորհրդարանների գործակցության հանձնաժողովի նիստը: Մի քանի օր առաջ՝ Հաղթանակի տոնի առիթով, Արցախում էր Արարատ Միրզոյանը: Այդ կապակցությամբ մամուլը գրեց, որ Աշոտ Ղուլյանը նրան ցուցաբերել է ջերմ ընդունելություն, որի բուն ակնկալիքը Արցախի նախագահի ընտրությանը Երևանից աջակցություն ստանալն է: Խոսելով ընկերական հարաբերությունների մասին՝ Աշոտ Ղուլյանը կամա թե ակամա հաստատում է, որ համենայնդեպս կան ակնկալիքներ, որոնք առնչվում են անձնական հարաբերության միջոցով քաղաքական հեռանկարներ կանխորոշելուն: Աշոտ Ղուլյանը Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահն է և ամենայն հավանականությամբ կլինի նաև այդ կուսակցության առաջադրած Արցախի նախագահի թեկնածուն: Միաժամանակ 2020 թվականին Արցախում լինելու է ոչ միայն նախագահի, այլև խորհրդարանի ընտրություն: Աշոտ Ղուլյանի պլան-մինիմումը անկասկած խորհրդարանում հայտնվելն է, եթե չհաջողի Արցախի նախագահի ընտրությանը: Իսկ ընտրությունը կարծես թե բավական թեժ է լինելու, եթե հաշվի առնենք, որ հավակնորդ թեկնածու է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանը, հավակնորդ է նաև պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, եթե իհարկե կարողանա հաղթահարել առաջադրման իրավական արգելքը, որն ինքը՝ Բաբայանը, համարում է քաղաքական և ընդհուպ ակնարկում դրա դեմ հանրային բողոքի կազմակերպումով: Արցախի նախագահի ընտրության գործընթացում բնականաբար առանցքային դիտարկվող հանգամանքներից մեկը Երևանի աջակցությունն է: Իհարկե, թավշյա հեղափոխությունից հետո դիտարկվում է աջակցության, ոչ թե որոշման պարագան, ինչպես նախկինում, երբ փաստացի Երևանից էր որոշվում Արցախի նախագահը: Միաժամանակ հստակ է, որ Երևանի աջակցությունն անկասկած կարող է լինել որոշիչ հանգամանք, բայց ոչ միակը կամ բացառիկը: Դա իհարկե կախված է աջակցության ձևից, որի մասին ակնարկեց Փաշինյանը Արցախից վերադարձից հետո՝ հակահեղափոխության հնարավոր փորձին Արցախի հանրության հեղափոխության մասին խոսելով: Այդ ակնարկը վկայում է ընտրված մարտավարության մասին, որը կարող է լինել թերևս առավելագույն համարժեքն ու արդյունավետը: Այն, որ Արցախի իշխանությունը եղել է Հայաստանի իշխող համակարգի օրգանական մաս և փաստորեն մինչ այժմ այդպիսին է՝ անկասկած է: Մյուս կողմից՝ անհերքելի է այն, որ արցախյան ներքաղաքական իրողություններն ունեն մի շարք օբյեկտիվ նրբերանգներ, որ բխում են Արցախյան հարցի և չավարտված պատերազմի հանգամանքից: Ըստ այդմ՝ տրամաբանական է, որ Հայաստանում հեղափոխական փոփոխությունը չէր կարող նույնականացվել նաև Արցախում: Առավել ևս, որ Հայաստանում հեղափոխությունն ամրացնելու համար Նիկոլ Փաշինյանը որդեգրեց Արցախի սուբյեկտության անհրաժեշտ ճանապարհը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցում: Այս պարագայում Արցախի ներքին գործընթացներում Երևանը կարծես թե ընտրել է ռազմավարական ազդեցության մոդելը՝ դրանք թողնելով մարտավարական ինքնավարության: Փաշինյանի հայտարարությունն այդ մասին էր, որ Երևանը չի միջամտելու, քանի դեռ ներքին գործընթացները իշխանության ձևավորման գործընթաց են, և դրանցում վճռորոշ լինելու է Արցախի հանրության, ոչ թե գործընթաց են, որ արտացոլում են նախկին իշխող համակարգի կամ «հակահեղափոխության» շահը: Երևանում նոր իշխանության շրջանակում ընկերական հարաբերություն փնտրելը Արցախի իշխանության ներկայացուցիչների կողմից ողջունելի մարտավարություն է, եթե այդ որոնումը պայմանավորված է Հայաստան-Արցախ հարաբերությունը նախկին համակարգի մանիպուլյատիվ ներգործության փորձից պաշտպանելուն: Սակայն մանր խորամանկության կվերածվի, եթե այդ փնտրտուքի նպատակն ընդամենը Արցախի իշխանության ձևավորման գործընթացում անձնական հարցեր լուծելն է՝ փաստացի հին ավանդույթներով: Տուրք տալով այդպիսի փորձերին՝ Երևանը փաստացի Արցախի հանրությանը կզրկի իր իշխանությունը ձևավորելու սուբյեկտությունից: Ի դեպ, այդ իմաստով կա նաև մի հետաքրքիր հանգամանք: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Երևանում ընկերություն է փնտրում ԱԺ նախագահի հետ հանդիպմանը, իսկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Երևանում՝ արդեն դատարանում, իրենց «ընկերական պարտքն» են տալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Լուսանկարը՝ Armeniasputnik-ի