Ոչ միայն Քոչարյանին, եթե անգամ սատանային դատեն, պետք է օրենքի տառից չշեղվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը: Զուգահեռ՝ դատարանի առջև տեղի են ունենում բողոքի ակցիաներ ընդդեմ և ի պաշտպանություն երկրորդ նախագահի: Դատարանի դահլիճից դուրս տեղի ունեցող այս իրադարձությունները ի՞նչ խմորումներ, ի՞նչ զարգացումներ կարող են ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ «Ժողովրդավարական համախմբում» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մասնավորապես ասաց. «Այս պահին դժվար է ասել, թե ինչ ազդեցություններ կունենա, որովհետև պետք է հստակ տարանջատել իրավական բաղադրիչը և քաղաքական բաղադրիչը: Քաղաքական բաղադրիչի շուրջ համախմբվում են նաև արցախյան շրջանակի քաղաքական դերակատարները, որը բավականին վտանգավոր գործընթացների կարող է հանգեցնել ոչ թե մի կողմի համար դրական, մյուս կողմի համար՝ բացասական, այլ մենք հստակ պետք է ելնենք մի կանխադրույթից՝ որ Արցախը,- խնդրում եմ սա շատ պաթոսային չընկալել,- Հայաստանի անցյալի, ներկայի և ապագայի խաչմերուկն է, ըստ էության»: «Այս հարցում մենք պետք է լինենք բավականին զգույշ, որ թեկուզ անձի հետ կապված, անկախ նրանից՝ դա կլինի ՀՀ նախկին նախագահ թե որևիցե այլ քաղաքական դերակատար, չպետք է Արցախյան հիմնախնդիրը և արցախյան կոնսուլտացիոն գործընթացները բերենք, փորձենք կապել ներքաղաքական գործընթացի վրա ազդեցություն ունենալուն: Այս առումով ես բավականին մեծ վտանգ եմ տեսնում, որովհետև նման խմորումներ կան»,- նշեց նա: Մեծ անհանգստտություն կա, որ այս դատավարությունը կարող է շատ երկար ձգվել՝ անգամ տարիներ, և ամբողջ մեդիադաշտը այս պահին զբաղված է հենց դրա լուսաբանմամբ, և քաղաքական օրակարգ այսօր թելադրում է հենց Ռոբերտ Քոչարյանի այդ դատավարությունը: Ի՞նչ վտանգներ է սա պարունակում, որովհետև փաստացի ունենք մի իրավիճակ, երբ դատարանը դատավարությունը օգտագործում է քաղաքական հայտարարություններ անելու համար: Մենք սրանով արդյոք չե՞նք ստեղծում մի նոր ուժ՝ կարևոր ուժ, որը կդառնա հիմնական խաղացողը մեր քաղաքական շուկայում: Այս հարցերի կապակցությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց. «Պետք չէ մի գործընթացը խառնել մեկ այլ գործընթացի հետ, և այս գործընթացը բացառապես պետք է քննարկվի իրավական հարթությունում, թեև դա ունի նաև քաղաքական կոմպոնենտ՝ հարցը, այնուամենայնիվ, երկրորդ նախագահին է վերաբերում: Բայց որպեսզի մենք զերծ մնանք հնարավոր բացասական հետևանքների առաջացումից, պետք է քննարկման շրջանակը նեղացնենք բացառապես իրավական գործիքների շրջանակով»: Մանրամասները՝ տեսանյութում։