Ֆանտաստիկ թռիչք. Երբ Սարգիս Ադամյանը իր ներուժը կօգտագործի Հայաստանի հավաքականում

Ֆանտաստիկ թռիչք. Երբ Սարգիս Ադամյանը իր ներուժը կօգտագործի Հայաստանի հավաքականում

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ գրանցվեց հերթական նշանակալի տրանսֆերը: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պայմանագիր կնքեց Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ: Ադամյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը: Հիշեցնենք, որ Ադամյանը ելույթ էր ունենում երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգում», որի կազմում անցկացնելով 32 հանդիպում՝ դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ «Հոֆենհայմը» «Յան Ռեգենսբուրգին» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 1.5 միլիոն եվրո: «Հոֆենհայմն» այս պահին Բունդեսլիգայում 8-րդ հորիզոնականում է և հնարավորություն ունի Եվրոպա լիգայի խաղարկությանը մասնակցելու: Մասնավորապես, 33-րդ տուրից հետո Ադամյանի թիմն ունի 51 միավոր և մեկ միավորով է զիջում 7-րդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգին»: Բունդեսլիգայում 5-7-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը հնարավորություն են ստանում Եվրոպա լիգայի խաղարկությանը մասնակցելու: Ինչևէ, Հենրիխ Մխիթարյանից հետո Ադամյանը երկրորդ հայաստանցի ֆուտբոլիստն է, որ հայտնվում է Բունդեսլիգայում: Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիա»՝ Մխիթարյանը դարձավ այս թիմի առաջատարներից մեկը, այնուհետև ևս մեկ քայլ կատարելով՝ հայտնվեց արդեն Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց: Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ադամյանը: Վերջինս նշել է նաև, որ շատ հպարտ է աշխարհի ուժեղագույն լիգաներից մեկում հայտնվելու համար. «Շատ հպարտ եմ՝ հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ անեմ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար: Միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ կարելի է նման հաջողության հասնել: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի: «Հոֆենհայմը» արդեն մեծ հաջողություններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգը» ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են»: Ադամյանի տրանսֆերին անդրադարձել է նաև «Հոֆենհայմի» տնօրեն Ալեքսանդր Ռոզենը՝ նշելով, որ հայ հարձակվողը կարող է անակնկալներ մատուցել Բունդեսլիգայում: «Ադամյանը մեր ուշադրությունը գրավել է իր յուրատեսակ արագության և հիանալի ցուցանիշների շնորհիվ։ Նա շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որը լիովին համապատասխանում է մեր խաղին: Համոզված եմ՝ Ադամյանը կարող է անակնկալներ մատուցել նոր մրցաշրջանում»: Մեր ֆուտբոլիստի հասցեին բարի խոսքեր է հնչեցրել նաև «Յան Ռեգենսբուրգի» տնօրեն Քրիստիան Կելերը. «Մեր ակումբում երկու տարվա աշխատանքի արդյունքում Ադամյանը գերազանց ցուցանիշներ գրանցեց՝ այդ կերպ բացելով Բունդեսլիգայի դռները։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Հոֆենհայմը» կարող է հույսեր կապել այս հիանալի ֆուտբոլիստի հետ։ Եթե Սարգիսը շարունակի աշխատել իր վրա, առաջընթացի դեռ շատ տեղ կունենա»: Ինչևէ, երեկ տեղի ունեցած տրանսֆերից հետո Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ արդեն 2 ֆուտբոլիստների, որոնք ներկայացնում են եվրոպական թոփ առաջնություններ: Ադամյանն իսկապես վերջին տարիներին ֆանտաստիկ աճ է գրանցել: Մենք շարունակ մեծ հույսեր ենք կապում Ադամյանի հետ, բայց ազգային հավաքականում նրա խաղը այն չէ: Իսկ թե որն է պատճառը, կարծում ենք՝ պարզ է: Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը չի ունեցել և հիմա էլ չունի բարձրակարգ մարզիչ, որը կկարողանա օգտագործել Ադամյանի ներուժը: Հետևաբար Ադամյանի ներուժը մեր ազգային թիմում նկատելի չի լինի այնքան ժամանակ՝ մինչև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չհրավիրի բարձրակարգ մասնագետի, ինչը քիչ հավանական ենք համարում: Վերջին անգամ Ադամյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրել է այս տարվա մարտին Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Բոսնիայի դեմ արտագնա խաղում: Ադամյանը հերթական անգամ ցույց էր տվել թույլ խաղ՝ հիասթափեցնելով ֆուտբոլասերներին: Իսկ թե ով էր բարձրակարգ ֆուտբոլիստի թույլ խաղի գլխավոր մեղավորը, կարծում ենք՝ ակնհայտ է բոլորի համար: