Ասոցացման դեպքում Հայաստանը կարող էր ստանալ $6.5 մլրդ

Ասոցացման դեպքում Հայաստանը կարող էր ստանալ $6.5 մլրդ

4 մլրդ 865 մլն եվրո (ավելի քան 6.5 մլրդ դոլար). հենց այսքան դրամաշնորհ (գրանտ) էր նախատեսում հայկական կողմը ստանալ Եվրամիությունից՝ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո:

«Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ է «Արդիականացնելով Հայաստանը» (Upgrading Armenia) վերնագրով մի հայեցակարգ, որը կազմել է հայկական կողմը՝ Հայաստանին նվիրված դոնորների կոնֆերանսին ներկայացնելու համար: «Այս փաստաթուղթը կազմված է հատուկ դոնորների կոնֆերանսի համար, որն ուղղված է Հայաստանի բարեփոխումներին աջակցելուն»,- ասվում է հայեցակարգի նախաբանում:

Հիշեցնենք, որ դոնորների խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին այս տարվա սկզբին, երբ ակնհայտ էր, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն:  Եթե ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, ապա այդ խորհրդաժողովը կգումարվեր 2014-ի սկզբին:

52 էջանոց հայեցակարգում ներկայացված է, թե այդ 4.8 մլրդ եվրոն որ ոլորտների համար է և ինչպես ու ինչ ժամկետներում է նախատեսվում ստանալ: Այսպես, 556 մլն եվրոն նախատեսվում էր ստանալ 2014-2015 թվականներին և մոտ 4.3 մլրդ-ը՝ 2016-2025 թվականներին: Առանձնացված են 3 հիմնական ոլորտներ՝ «Մրցակցային տնտեսություն», «Մարդկային կապիտալ» և «Արդիականացված ինստիտուտներ»: Նշված են այս 3 ոլորտներում կառավարության մշակած զարգացման ծրագրերով նախատեսված միջոցառումները, ինչպես նաև այն, թե այդ ծրագրերի իրականացման համար 1. որքան ընդհանուր գումար է պետք, 2. այդ ընդհանուր գումարից որ մասը կառավարությունը կարող է տրամադրել իր միջոցներից և վարկային ծրագրերից և 3. որքան գումար է ակնկալվում ԵՄ-ից՝ դրամաշնորհի տեսքով:

Մրցակցային տնտեսության տակ հիմնականում մտցված են ենթակառուցվածքներն ու գործարար միջավայրի բարելավումը: Մասնավորապես՝ կենսական նշանակության ճանապարհների և մայրուղիների վերակառուցման և շինարարության համար անհրաժեշտ 640 մլն եվրոյից 516-ը ակնկալվում էր ստանալ դոնորներից: Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համար պահանջվում է ընդհանուր 1.2 մլրդ եվրո, որից 648-ը ակնկալվում էր ԵՄ-ից՝ որպես դրամաշնորհ: «Անվտանգ ջրային աղբյուրների մատչելիություն և ջրահեռացման համակարգերի բարելավում» հոդվածի տակ ակնկալվում էր 1.788 մլրդ եվրո (ընդհանուր անհրաժեշտ 1.95 մլրդ-ից), «Ոռոգման համակարգերի բարելավում և ոռոգման ամբողջական ցանցի կառուցման» համար՝ 532.7 մլն եվրո (ընդհանուր 605 մլն-ից), «Ամբարտակների վերակառուցման և նոր ամբարտակների շինարարության» համար՝ 341 մլն եվրո (341 մլն-ից):

Նշանակալի՝ մոտ 500 մլն եվրոյի չափով գումար է նախատեսվում ծախսել ամբողջ հանրապետությունում լավ կահավորված և վերանորոգված շենքային և ուսումնական պայմաններով բարձր որակի դպրոցական ցանցի ստեղծման համար: Այդ 500 մլն-ից 462-ը նախատեսված էր ստանալ հենց ԵՄ-ի դրամաշնորհներից: Ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակում ամենամեծ ծավալի գումար նախատեսվում էր ոստիկանության և հետաքննական ծառայությունների արդիականացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման (108.8 մլն եվրո) և տարբեր պետական մարմիններում մեկ պատուհանի սկզբունքով աշխատող համակարգ ներդնելու համար (107 մլն եվրո):

Փաստաթղթի վերջում նշված է, որ Հայաստանի վարկ վերցնելու հնարավորությունը երկարաժամկետում սահմանափակված է, այդ պատճառով էլ կառավարությունը Հայաստանի զարգացման 2012-2025թթ. ծրագիրը կյանքի կոչելու դրամաշնորհային օգնություն է ակնկալում: Եվ եթե Հայաստանին առաջիկա տարիներին ավելի շատ դրամաշնորհներ տրվեն, այդ դեպքում կառավարությունը զարգացման ծրագրերն ավելի արագ կանի, ինչը հնարավորություն կտա ավելի արագ զարգացնել տնտեսությունն ու մեծացնել վարկունակության մակարդակը: