

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ հայկական շաուրմա ուտող ղազախ ֆուտբոլիստների դեմ
14:00 | 2017-03-25
Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան կարևորագույն հանդիպումը: Հաղթանակի դեպքում մեր ֆուտբոլիստները կպահպանեն հնարավորությունները պայքայելու եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Հաղթանակի դեպքում Ղազախստանի հավաքանը նույնպես նախադրյալներ կստեղծի ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարելու համար: Այս օրերին հայ ֆուտբոլասերների քննարկման գլխավոր թեմաներից է Հայաստանի ազգային թիմի հնարավոր մեկնարկային կազմը առաջիկա մրցավեճում:
«Առաջին լրատվական»-ի վարկածով Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը կսկսի մեկնարկային այսպիսի կազմով: Դարպասում կլինի «Ալաշկերտի» ներկայացուցիչ Արսեն Բեգլարյանը: Պաշտպանության ձախ եզրում կխաղա Իրանի «Փայքանը» ներկայացնող Լևոն Հայրապետյանը, իսկ կենտրոնական գոտում՝ Տարոն Ոսկանյանը՝ կիպրական «Կարմիոտիսայից» և Վարազդատ Հարոյանը՝ իրանական «Փադիդեից»: Պաշտպանության ձախ եզրում ըստ ամենայնի կտեսնենք մակեդոնական «Վարդարում» հանդես եկող Հովհաննես Համբարձումյանին, ով գերազանց մարզավիճակում է գտնվում:
Նշենք սակայն, որ մեր տեղեկություններով մարզման ժամանակ Համբարձումյանը թեթև վնասվածք է ստացել: Եթե «Վարդարի» պաշտպանն ի վիճակի չլինի մասնակցել հանդիպմանը, ապա նրա փոխարեն հանդես կգա Գայել Անդոնյանը՝ հունական «Վերիայից»: Հենակետային կիսապաշտպանի դիրքում կգործի Արտակ Գրիգորյանը «Ալաշկերտից», ով Մոնտենեգրոյի դեմ մրցավեճում խփեց մեր հավաքականի առաջին գնդակն ու բեկեց հանդիպման ընթացքը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային խաղացող Հենրիխ Մխիթարյանը կկատարի կենտրոնական կիսպաշտպանի պարտականությունը: Նրա անմիջական մասնակցությամբ կկազմակերպվեն գրոհները: Միաժամանակ Մխիթարյանը հարկ եղած դեպքում կօգնի հենակետային կիսապաշտպանին: Կիսապաշտպանության ձախ եզրում հանդես կգա Գևորգ Ղազարյանը՝ պորտուգալական «Մարիտիմուից», իսկ աջից՝ Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշից»: Հունական «Քսանտին» ներկայացնող Մարկոս Պիզելիին կկատարի ենթահարձակվողի պարտականությունը, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Արթուր Սարկիսովը՝ ռուսական «Ենիսեյից»:
Նկատենք, որ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի տրամադրության տակ կան հիմնական կազմի խաղացողներին համարժեք փոխարինողներ: Խոսքը հատկապես վերաբերվում է հարձակվողներ՝ Էդգար Մանուչարյանին և Ռուսլան Կորյանին, ովքեր հարկ եղած դեպքում կարող են ուժեղացնել առջևի գիծը: Չմոռանանք նաև կիսապաշտպաններ՝ Գոռ և Էդգար Մալաքյաններին, ինչպես նաև պաշտպան Կամո Հովհաննիսյանին: Մոնտենեգրոյի հետ խաղում Գոռ Մալաքյանը հաջող հանդես եկավ: Նա տեխնիկապես լավ է պատրաստված և կարող է օգտակար լինել դաշտի կենտրոնական հատվածում: Լավ մարզավիճակում է գտնվում նաև «Վարդարի» մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Բարսեղյանը և կարծում ենք Ղազախստանի հետ մրցավեճում Արթուր Պետրոսյանը նրան դրսևորվելու հնարավորություն կտա:
Ինչևէ, երեկ Լառնակայից Երևան է ժամանել Ղազախստանի ազգային հավաքականը: «Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզում անցկացնելուց հետո մեր մրցակիցները զբոսնում էին Երևանի կենտրոնում: Մինչ մեր ֆուտբոլիստները և երկրպագուները լարված սպասում են առաջիկա հանդիպմանը, ղազախ ֆուտբոլիստները վայելում են հայկական շաուրման:
Նշենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին շաուրմա ուտել ընդհանրապես խորհուրդ չի տրվում, իսկ խաղի նախօրեին կտրականապես արգելված է: Նման մոտեցումը ունի երկու բացատրությունը: Կամ ղազախ ֆուտբոլիստները վստահ են իրենց ուժերին և նման կարգապահական դետալները անտեսում են, կամ էլ արդեն իսկ համակերպվել են պարտության մտքի հետ և վայելում են երևանյան սննդի բարիքները: Հաշվի առնելով Ղազախստանի հավաքականի վերջին ելույթը՝ Կիպրոսի ընտրանու հետ հակված ենք երկրորդ տարբերակին:
