Յուրա Մովսիսյանը դարձավ 29 տարեկան

Յուրա Մովսիսյանը դարձավ 29 տարեկան

Հայկական ֆուտբոլի նորագույն պատմության լավագույն հարձակվողներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը դարձավ 29 տարեկան: Ֆուտբոլիստը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին: Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Յուրան սկսել է ֆուտբոլով զբաղվել Փասադենա քաղաքի ավագ դպրոցում: Յուրային կարճ ժամանակ անց նկատել են «Կանզաս Սիթի»-ում և պայմանագիր առաջարկել: Ամերիկյան ակումբում Մովսիսյանն անցկացրել է 28 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Յուրա Մովսիսյանի համար ֆուտբոլային մարտահրավեր դարձավ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը: 2007-2009 թվականներին Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում մասնակցել է 63 խաղի և դարձել է 17 գոլի հեղինակ: Միացյալ Նահանգներում ունեցած հաջողությունները նպաստեցին հայ գոլահարի կարիերայի հետագա զարգացմանը, և Յուրան տեղափոխվեց դանիական «Ռանդերս»:Նոր ակումբում Մովսիսյանը մնաց 2 մրցաշրջան՝ դառնալով 12 գոլի հեղինակ: «Ռանդերս»-ում հանդես եկած ժամանակահատվածում Յուրա Մովսիսյանն հրավեր ստացավ Հայաստանի ազգային հավաքականից: 2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը «Հրազդան» մարզադաշտում իր առաջին հանդիպումն անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, ընկերական խաղի շրջանակում մասնակցելով Իրանի ընտրանու հետ խաղին: Հայաստանի հավաքականի կազմում առաջին գնդակը Յուրան հեղինակեց 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Մակեդոնիայի ընտրանու դեմ մրցավեճում: Այդ խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Հարձակվողը Հայաստանի ազգային ընտրանու կազմում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ: Այս պահի դրութամբ Յուրա Մովսիսյանի մարզական կարիերայի լավագույն ժամանակահատվածը ռուսաստանյան տարիներն էին: 2011-2016 թվականներին հանդես գալով նախ «Կրասնոդար»-ի կազմում, այնուհետև Մոսկվայի «Սպարտակ»-ում՝ Մովսիսյանը մասնակցել է 106 հանդիպման և դարձել 48 գոլի հեղինակ: «Սպարտակ»-ում գլխավոր մարզչի փոփոխությունից հետո մարզչի հետ ունեցած հակասությունների պատճառով Յուրա Մովսիսյանն սկսեց չհայտնվել թիմի մեկնարկային կազմում և որոշեց փոխել ակումբային գրանցումը: Մովսիսյանը տեղափոխվեց իր նախկին ակումբ ՝«Ռեալ Սոլթ Լեյք», որտեղ հանդես է գալիս մինչ օրս և հանդիսանում է թիմի առաջատարներից մեկը: