«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Մաքսիմ Մանուկյան

«Ճանապարհ դեպի Ռիո». Ըմբիշ Մաքսիմ Մանուկյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և  նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Մեր նախագծի հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մաքսին Մանուկյանն է (85 կգ): Վերջինս Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում զբաղեցրել է 5-րդ տեղը: Եթե քիչ թե շատ հետևել եք Մաքսիմի մենամարտերին, ապա նկատած կլինեք, որ մարզիկը տիրապետում է հրաշալի տեխնիկայի: Նրա գցումները մեկ անգամ չէ, որ արժանացել են Ըմբշամարտի համաշխարհային միության ուշադրությանը (UWW): 2015 թվականին Մաքսիմի՝ Եվրոպական խաղերում ադրբեջանցի մարզիկի դեմ կատարած հնարքը, արժանացել էր UWW-ի «Տարվա լավագույն հնարք» կոչմանը: Մաքսիմը քչախոս է, իսկ լուսանկարվել այդքան էլ չի սիրում: -Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու: -Ոչ: Անկեղծ ասած՝ չեմ մտածել այդ ուղղությամբ:  -Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել: -Իմ անձնական մարզչին: -Ո՞ւմ  հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ: -Եղբորս: -Երեք բառով նկարագրիր Օլիմպիական խաղերը: -Երազանք, հաղթանակի ձգտում, քրտնաջան աշխատանք:  -Ինչպե՞ս կուզեիր, որ հիշվեին այս Օլիմպիական խաղերը: -Հաղթական: ՀԱՕԿ լրատվության բաժին