Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը Հայաստանում կոռուպցիայի մասին է. Սփյուռքն անհանգիստ է

Ատոմ Էգոյանի նոր ֆիլմը Հայաստանում կոռուպցիայի մասին է. Սփյուռքն անհանգիստ է

«Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղը մայիսի 31-ին կազմակերպում է համաժողով «Կոռուպցիան Հայաստանում։ Հաղթահարման ուղիները և Սփյուռքի դերը» թեմայով, որի ժամանակ կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը առաջին անգամ կներկայացնի Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ նկարահանած իր ֆիլմը, որ վերնագրված է «Լուսավորիչը»։ «Հայկական Վերածնունդ» շարժման հիմնադիր անդամ Էդգար Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս թեմայով համաժողովի անցկացումը կոլեկտիվ որոշման արդյունք է, իսկ համաժողովի մասնակիցները հիմնականում հայեր են, կան նաև կանադացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, նաև` Հայաստանից հրավիրվածներ: Նույնը լինելու է նաև Մոնրեալ քաղաքում: Հարցին` արդյոք կոռուպցիան Հայաստանում արդեն իսկ հասել է մտահոգիչ չափերի՞, որ հայտնվում է նրանց ուշադրության կենտրոնում, և համաժողով են անցկացնում, նա պատասխանեց. «Այո։ Եթե Ատոմ Էգոյանն է անգամ դրա մասին բարձրաձայնում, ուրեմն դա արդեն մեծ խնդիր է, որը նաև բոլորս գիտենք: Այստեղից պատկերը շատ ավելի համակողմանի է երևում։ Մենք նայում ենք համեմատության մեջ. ասենք` օրբիտրի աչքերով, և պատկերն ավելի համակողմանի է երևում»։ Դիտարկմանը, թե համաժողովը փորձելու է նաև կոռուպցիայի հաղթահարման ուղինե՞րը մատնանշել, տեսանելի՞ են արդյոք այդ ուղիներն իրեն, Մանուկյանն ասաց, որ չի կարող նշել կոնկրետ ուղիները, քանի դեռ համաժողովը չի ընդունել եզրակացություն, ինչն էլ համաժողովի կազմակերպման իմաստն է, առավել ևս` չի կարող խոսել Սփյուռքի անունից, սակայն կարող է փոխանցել այնտեղ առկա տրամադրությունները։ «Տարիներ շարունակ Սփյուռքը շատ հրաշալի կատարել է տարբեր ֆունկցիաներ բոլոր ոլորտներում` ինֆրակառուցվածքներ, դպրոցների կառուցում, սոցիալական ոլորտ, երկրի պաշտպանություն, բանակ և այլն։ Մի հարցում չի խառնվել և գործ չի արել, այն է` երկրի արդար կառավարում, ժողովրդի աջակցության իշխանության ձևավորում։ Այստեղ սփյուռքն ուղղակի գործ չի արել` համարելով դա ներքին խնդիր։ Բայց այդ մոտեցումն արդեն փոխվել է, և Սփյուռքը գիտակցում է, որ Հայաստանը ևս իր հայրենիքն է։ Այս ֆոնին որ գումարենք Հայաստանից գնացած և երիտասարդ Սփյուռք ձևավորած մեր հայրենակիցներին, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա»,- ասաց նա։ Մանուկյանը նշեց, որ Հայաստանից կոռուպցիայի պատճառներով մեկնողներն արտագաղթողների մեծ մասն են, ովքեր զուտ հացի խնդիր չեն լուծում. մեկնում են կուռուպցիայի հետևանքներից, դրա հետևանքով առաջացած անարդարությունից, ընտրություններում իրենց նպատակին չհասնելու և գնվող ձայների միջոցով արդար ձևով իշխանություն ձևավորելու անհաջող փորձերից, նաև ընդդիմության՝ պայքարող մասին բախտի քմահաճույքին թողնելու և իշխանության հետ ժողովրդից գաղտնի համագործակցելու հետևանքով։ «Եթե նկատել եք, արտագաղթը շատ փոխվել է, շատ են արտագաղթում մարդիկ, ովքեր սոցիալական խնդիրներ չունեն։ Իսկ սա անթույլատրելի վիճակ է: Վերջերս մենք կազմակերպել էինք «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմի ցուցադրությունը Տորոնտոյում։ Մեծ արձագանք գտավ այստեղ։ Ֆիլմում տալիս էր մի օրինակ, թե ինչ ամենաթողություն է երկրում մեր ունեցած անվերականգնելի հարստության՝ բնության և ընդերքի նկատմամբ, և գիտե՞ք ինչ։ Արձագանքն այնքան մեծ էր, որ 2 անգամ ստիպված եղանք փոխել դահլիճի մեծությունը, որպեսզի ֆիլմը դիտել ցանկացողների պահանջարկը բավարարենք, սակայն այդպես էլ չլուծվեց հարցը. շատ մարդիկ ուղղակի ոտքի վրա մինչև վերջ դիտեցին ֆիլմը»,- ասաց նա՝ նշելով, որ ֆիլմից հետո բավական ծանր տպավորություններ էին թևածում դահլիճի նախասրահում։ Կոռուպցիայի դեմ պայքարի միակ լծակը կամ միջոցը, ըստ Մանուկյանի, արդար իշխանության ձևավորումն է և արդարությամբ ձևավորված իշխանության ստեղծումը, իսկ դրանից դուրս ամեն ինչ ձախողման է դատապարտված։ Դերասան Աշոտ Ադամյանը, որը մարմնավորել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին, հիշեց՝ նման մտահղացում է ծնվել տարիներ առաջ: Հեղինակը Ատոմ Էգոյանն էր: «Մենք բավական երկար էդ մասին խոսել ենք, մտադիր էինք նկարահանել էքսպերիմենտալ մի ֆիլմ, որը կարող էր տևել երկար տարիներ: Կարող է՝ նկարահանեինք 5-10 թե 15 տարի, հատուկ ժամկետ չէինք դրել, քանի որ Ատոմն ինքը շատ է սիրում մարդու հոգեբանական վիճակների ուսումնասիրմամբ զբաղվել: Ինձ համար էլ անսպասելի ես ստացա ինֆորմացիա, որ ֆիլմը պատրաստ է, թեև մենք այս հինգ-վեց տարվա ընթացքում, այո, նկարահանումներ անցկացրել ենք: Ֆիլմի պատրաստ տարբերակի մասին որևէ տեղեկություն չունեմ, որովհետև իմացա Ձեզ նման, որ մայիսի 31-ին Տորոնտոյում ցուցադրվելու է համաժողովի ընթացքում»,- ասաց նա: Թե ինչպիսին է ֆիլմը՝ դերասանը դժվարացավ ասել, միայն նշեց, որ ճանաչելով Ատոմին` կարող է ասել՝ դա կլինի խոր հոգեբանական ֆիլմ Հայաստանում ապրող մարդկանց վերաբերյալ՝ նրանց տարբեր դրսևորումների մեջ: Կերպարներից մեկն էլ Ադամյանինն է: Դերասանը չի կարծում, որ Ատոմ Էգոյանն աֆիշային ձևով արած կլինի այդ թեմային՝ կոռուպցիային, անդրադարձը: Ադամյանը կարծում է, որ ռեժիսորը պարզապես պատկերած կլինի այն ռեալ իրավիճակը, որի մեջ գտնվում են Հայաստանի մարդիկ: Դերասանը Հայաստանում կոռուպցիայի մասին արտերկրում բարձրաձայնելը ռիսկային չի համարում, նշում է, որ դա զուտ անձնական խնդրի հարց է: Վախկոտի համար այն ռիսկային է, ոչ վախկոտի համար` ռիսկային չէ, որովհետև այդ մարդն այդպես է ապրում: «Ես ինքս ռիսկեր չեմ տեսնում, այստեղ ընդամենը ճշմարտությունը տեսնելու, ճանաչելու մասին է խոսքը. Կա՛մ տեսնում, ճանաչում և ակնարկում ես, կա՛մ աչքերդ փակում, ձենդ կտրում և նստում ես տեղդ: Դա, իմ կարծիքով, ավելի ռիսկային է և ավելի կոռուպցիոն, քան տեսնել աշխարհն այնպիսին, ինչպիսին կա: Ընդհանրապես, ֆիլմը, ես չգիտեմ, էսպես մենք ասում ենք, բայց ես վստահ չեմ, որ ֆիլմն ամբողջությամբ էդ երանգի մեջ է գնում, որովհետև այն տեսնելուց հետո ես նոր կկարողանամ կարծիք կազմել, բայց ֆիլմի լեզվով ամեն ինչի մասին կարելի է խոսել, ինչը մարդու հոգում արձագանք կգտնի»,- ասաց նա: Ֆիլմում, բացի Աշոտ Ադամյանից, նկարահանվել են նաև դերասանուհի Արմինե Անդան, Սերժ Ավեդիքյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և ուրիշներ, նաև՝ ոչ հայ դերասաններ: Նկարահանումները կատարվել են թե՛ Հայաստանում, թե՛ Կանադայում: Հարցին՝ արդյոք Հայաստանում ֆիլմը ցուցադրելու մտադրություն կա՞, Ադամյանը դժվարացավ պատասխանել: «Դա էնքան դժվար է ասել, որովհետև ֆիլմը վերջապես մերը չի, կանադական ֆիլմ է. եթե Ատոմը ցանկություն ունենա էդ ֆիլմը ներկայացնել, ասենք թե, Հայաստանում, չեմ կարծում, որ դժվարություններ կլինեն, կարծում եմ` ավելի ճիշտ կլինի հարցնել Ատոմին»,- ասաց նա: Ֆիլմում իր մարմնավորած կերպարի առանձնահատկությունների մասին խոսելիս դերասանը նշեց, որ շատ բարդ է դրանք նշելը, սակայն կարող է այդ կերպարի ընդհանուր բնութագրերը տալ: Դժվար է նրան իբրև որևէ մասնագիտության տեր մարդ ներկայացնել. այստեղ մարդն է այն ժամանակահատվածում, երբ ջանում է գտնել իրեն համընդհանուր՝ բավական դժվար իրավիճակում և ինչ-որ կերպ պահել իրեն, իր երեխային, իր ընտանիքը: Այսինքն` տեղավորված է իրեն շրջապատող իրականության մեջ, իր պայքարն է վարում, պայքարում է մենակ, ինչ կերպ որ հնարավոր է: Դերասանը ֆիլմի ցուցադրությանը ներկա չի լինելու, նշում է, որ անգամ եթե նման խնդիր լիներ, ֆիզիկապես չէր հասցնի հասնել Կանադա:   Լուսանկարը՝  Azatutyun.am-ի

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74