Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման

Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման

Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։ Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հնարավոր բացման և այդ նույն համատեքստում Լիտվա-Ռուսաստանի Դաշնություն արդեն իսկ գոյություն ունեցող փորձի միջև՝ դեսպանը, մասնավորապես, նշել է․ «Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզը, ինչպես և Ադրբեջանի Նախիջևանի մարզը, էքսկլավ է, որի համար կարևոր է հաղորդակցությունը երկրի հիմնական տարածքի հետ: ԵՄ-ին Լիտվայի անդամակցությունը վճռորոշ դեր խաղաց նաև այս ոլորտում։ ԵՄ-ն, Լիտվան և Ռուսաստանը համաձայնեցրել են այսպես կոչված Կալինինգրադի տարանցման սխեման, և այժմ, նույնիսկ Ուկրաինայում ռուսական պատերազմի պայմաններում, մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի շրջանի բնակիչներն անցնում են Լիտվայի տարածքով»,- ասել է դեսպանն՝ ընդգծելով Եվրոպական միության դերը ՌԴ-ի հետ ձեռք բերված համաձայնության գործում: Դեսպան Պուլոկասն ընդգծել է, որ այդ կոմունիկացիայի օգտագործման հարցում կողմերին հաջողվել է համաձայնեցնել երկու հիմնական կարևոր բաղադրիչ՝ Լիտվայի լիակատար վերահսկողությունը իր տարածքում և ճանապարհորդների համար առավելագույն հարմարավետությունը տարանցման ժամանակ՝ առանց ավելորդ խոչընդոտների։ «Կարծում եմ, որ այս, այսպես կոչված, պարզեցված տարանցիկ մոդելի որոշ տարրեր կարող են օգտակար լինել Հայաստանում մարդկանց տեղաշարժը կարգավորելու համար։ Ի վերջո, սա եվրոպական փորձն է և հաջողության մոդելը»,- մանրամասնել է դեսպանը՝ հայտնելով, որ Լիտվան բազմիցս կիսվել է իր այդ փորձով ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանը մշտապես Հայաստանից պահանջում է տրամադրել «միջանցք», որպեսզի ցամաքային կապ հաստատի Նախիջևանի հետ, և, միևնույն ժամանակ, սպառնում է, որ հակառակ պարագայում այն կստանա Հայաստանի նկատմամբ ուժի գործադրմամբ, Լիտվայի դեսպանը պատասխանել է․ «Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, մենք հասկանում ենք դրա կարևորությունը և «տարանցիկ» տերմինն ավելի կնախընտրեինք, քան «միջանցք»-ը: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում»։